«Համասի»-ի {ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն} և Իսրայելի հակամարտությունն անխուսափելիորեն կտարածվի այլ երկրներում։ Այդ մասին այսօր Կատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Գազայի խաղաղ բնակչության դեմ պատերազմի աճող ինտենսիվության հետևանքով պատերազմի ընդարձակումն այժմ անխուսափելի է դարձել», - մեջբերել է Tasnim իրանական գործակալությունը նախարար Աբդոլլահիանի խոսքերը:
Այսօր Թեհրանը հայտարարել է, որ չի մասնակցել ամերիկյան ռազմակայանների վրա վերջին հարձակումներին։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրվանին։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհն ասել է, թե հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի ուժերն Իրաքում և Սիրիայում 46 անգամ հարձակումների են ենթարկվել, 56 մարդ վիրավորվել է։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների։
«Իրանը ներգրավված չէ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի և ռազմակայանների վրա հարձակումներից և ոչ մեկում», - ասել է Իրվանին:
Նա ենթադրել է, որ դրանցում կարող են ներգրավված լինել այլ ուժեր, և եթե «Համաս»-ի և Իսրայելի հակամարտությունը շարունակվի, ապա պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն առնվազն 46 անգամ հարձակման են ենթարկվել․ Պենտագոն