Մոսկվան կրկին հայտարարում է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները

Պաշտոնական Մոսկվան կրկին հայտարարում է, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկեն ոչ թե հայերը, այլ Ռուսաստանի անվտանգության ծառայության սահմանապահները։ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, թե այդ մասին նշված է նոյեմբերի 9-ի և դրանից հետո ստորագրված եռակողմ փաստաթղթերում։

«Իմ նշած եռակողմ պայմանագրերի համաձայն՝ տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև պետք է վերահսկվի ՌԴ Անվտանգության ծառայության սահմանային ծառայության կողմից», - ասել է նա։

Հայկական կողմը պնդում է՝ երբեք և որևէ փաստաթղթով չի ստանձնել սահմանային վերահսկողությունը երրորդ երկրի հանձնելու պարտավորություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին ՀՀ որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է, ի վերջո, վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը. Հայաստանն ու Ադրբեջանը իրարամերժ հայտարարություններ են անում



Նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետում նշվում է՝ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Այդ հայտարարության և մինչ օրս հրապարակված որևէ այլ փաստաթղթում հստակ չի նշվում՝ ինչպես է են Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները իրականացնելու վերահսկողությունը, ինչ մեխանիզմներով և ինչ կետերում։ Մոսկվան, սակայն, այսօր կրկին պնդել է, թե տարածաշրջանի ապաշրջափակմանը հենց այդ պայմաններով է պատրաստ աջակցել, և այդ նպատակով կողմերի միջև անցած տարիներին 12 հանդիպում է կազմակերպել՝ փոխվարչապետերի մակարդակով։

«Մենք շատ մոտ ենք փաթեթային լուծմանը, որը ձեռնտու կլինի կողմերին։ Ցավոք սրտի, այս հարցերին դեռ չի հաջողվել վերջակետ դնել։ Ինչ-որ մեկին բացակայում է դա անելու քաղաքական կամքը, և դա մենք չենք։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու համար», - նշել է Զախարովան:

Միաժամանակ նա ասել է, թե Հայաստանի վարչապետի ներկայացրած «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը համահունչ է այն առաջարկներին, որոնք քննարկվել են Մոսկվայի նախաձեռնությամբ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության՝ այդ հարցի շուրջ քննարկումները կարող են շարունակվել Թուրքիայում «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպման ժամանակ Հարավային կովկասի երկրների ու նրանց երեք հարևանների՝ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի այդ հանդիպումը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3»-ի հանդիպմանն ընդգծվել է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության կարևորությունը