«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «լրջագույն անհանգստություն» են հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքների կապակցությամբ։
Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական Երևանի, Լեռնային Ղարաբաղում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված լքել է Արցախը։
ԱԳ ղեկավարներն այսօր համատեղ հայտարարությամբ կոչ են արել Բաքվին՝ ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։
Գերատեսչությունների ղեկավարները ողջունել են միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների հրատապ հումանիտար կարիքների լուծմանը:
«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասված է հայտարարությունում։
«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Մեծ Բրիտանիայից Ջեյմս Քլևերլին, Միացյալ Նահանգներից Էնթոնի Բլինքենը, Կանադայից Մելանի Ժոլին, Ֆրանսիայից Կատրին Կոլոնան, Գերմանիայից Աննալենա Բերբոքը, Իտալիայից Անտոնիո Տայանին և Ճապոնիայից Յոկո Կամիկավան հավաքվել են Տոկիոյում, որտեղ այսօր գագաթնաժողով է գումարվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ 7»-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հավաքվել են Տոկիոյում