Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, փոխվարչապետն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Մհեր Գրիգորյանը Վասիլիս Մարագոսին ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը:
Հանդիպմանը, ըստ հաղորդագրության, քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, և ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
ԵՄ Հայաստանյան գրասենյակն իր հերթին նշում է, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները, կողմերը մտորել են նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացմանն առնչվող այլ թեմաների շուրջ։