«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Մեծ Բրիտանիայից Ջեյմս Քլևերլին, Միացյալ Նահանգներից Էնթոնի Բլինքենը, Կանադայից Մելանի Ժոլին, Ֆրանսիայից Կատրին Կոլոնան, Գերմանիայից Աննալենա Բերբոքը, Իտալիայից Անտոնիո Տայանին և Ճապոնիայից Յոկո Կամիկավան հավաքվել են Տոկիոյում, որտեղ վաղը գագաթնաժողով է գումարվելու:
Մասնակիցների թվում է նաև Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Կամիկավան գործընկերներին այսօր հրավիրել է աշխատանքային ճաշի: Նրանց հանդիպման օրակարգում ռուս-ուկրաինական պատերազմն է և Գազայի իրավիճակը:
«Մեծ յոթնյակն» արդեն հայտնել է, որ կշարունակի անվերապահորեն սատարել Ուկրաինային:
Ենթադրվում է, որ յոթ բարձրաստիճան դիվանագետները կառաջարկեն Գազայում մարդասիրական նպատակով հայտարարել մարտական գործողությունների ժամանակավոր դադար: