Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) որպես վկա հարցաքննվել է կանխված ահաբեկչության գործի շրջանակներում։
Հարցաքննությունից հետո հրավիրած ասուլիսում Սեֆիլյանը հերքեց ընդդիմադիր Բևեռի կապը «Հյուսիսային տերևաթափ» անվանումով գործողության հետ, միաժամանակ ընդունեց, որ ճանաչում է կալանավորված հինգ անձանցից երկուսին։
«Հիմնականում քննիչի հարցերի նպատակն այն էր, որ Ազգային ժողովրդավարական բևեռը արդյոք կապ կարող է ունենալ այսպիսի բանի հետ։ Նա, բնականաբար, ստացավ այնպիսի համոզիչ պատասխաններ, որ բևեռը չի կարող այսպիսի դեպքերի հետ կապ ունենալ», - ասաց նա։
Ազգային անվտանգության ծառայությունն անցած շաբաթ հաղորդեց, որ արդեն կալանավորված հինգ և քննությամբ չպարզված այլ անձինք ցանկացել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Ծրագրվել է նաև սպանել քաղաքացիական անձի, ում անունը ԱԱԾ-ն չի բացահայտում։
Սեֆիլյանն այսօր հրաժարվեց հրապարակել իր ճանաչած երկու անձանց անունները՝ պատճառաբանելով, որ ԱԱԾ-ն միայն նրանց անվան սկզբնատառերն է նշել, ուստի ինքն էլ չի բացահայտի այդ մարդկանց։ Ընդգծեց միայն, որ նրանք բևեռականներ չեն, բայց իրենց հետ վերջին շրջանում շփումներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրենց նպատակի շուրջ. - «Նրանց հետ մենք այստեղ շփում ունեցել ենք, նրանք փորձել են օժանդակել այստեղ մեր հրապարակային գործունեությանը, և երբ իրենք ամբողջական հրապարակեն անուն-ազգանունները, այդ ժամանակ ես այլ մտքեր ևս կասեմ այդ տղաների մասին։ Կարևորն այն է, որ ես հիմնավոր կերպով իմ կարծիքը այսօր փոխանցել եմ նրանց, որ այն սյուժեն, որ մենք տեսել ենք, որ նրանք ներկայացրել են, ծայրից ծայր անհեթեթություն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի աշխատակազմից ԱԱԾ-ի կանխած ահաբեկչության փորձը համեմատում են Հոկտեմբերի 27-ի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն հաղորդում է ահաբեկչության նախապատրաստություն բացահայտելու մասին
Սեֆիլյանը նախաքննության գաղտնիության խախտում է համարում փաստը, որ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում ենթադրաբար ահաբեկչությունը նախապատրաստած մարդկանց գրառումներում հիշատակվում էր նաև ԱԺԲ-ն։
«Այնտեղ ես ասել եմ, որ նախաքննությունն իրենք խախտել են, այսինքն՝ երբ ցույց են տալիս մի թուղթ, որի վրա Ազգային ժողովրդավարական բևեռի հապավումն է, սկսելու համար արդեն իրենք իրենց կողմից ընդունված օրենքները խախտելով են սկսել այս ամեն ինչը, անշուշտ մատնացույց եմ արել դա քննիչին», - ասաց նա։
Սեֆիլյանն ասաց՝ ԱԺԲ-ից միայն իրեն են կանչել հարցաքննության, խուզարկություն էլ իրենց տարածքներում չեն արել։ Ինքը քննիչից հետաքրքրվել է, թե ով է գրել Բևեռի անունը հրապարակված թղթի վրա, ստացել պատասխան, որ այժմ փորձաքննություն է ընթանում. - «Նա ասաց՝ մինչև փորձաքննությունը չանցնի, փորձագետներն իրենց եզրակացությունը չտան, ես չեմ կարող ասել՝ ով է գրել, ուրեմն ինչի՞ եք հարցնում ինձ՝ ով է գրել»։
ԱԺԲ-ի առաջնորդը պնդեց, թե հարցաքննության ժամանակ չի պարզել, թե ում պետք է սպանեին ահաբեկչության համար մեղադրվողները։ Նա և համախոհներն այսօր պնդում էին՝ Փաշինյանի թիմը այս կերպ փորձում է պահել իր իշխանությունը՝ այդ ճանապարհին արշավ սկսելով իր հրաժարականը պահանջող Բևեռի դեմ։
Ի դեպ, մինչ ԱԱԾ-ն լռություն է պահպանում և չի նշում ո՛չ կալանավորվածների անունները, ո՛չ էլ թե ով էր այն քաղաքացիական անձը, ում, ըստ իրավապահների, նրանք պատրաստվում էին կյանքից զրկել, վարչապետի աշխատակազմից կանխված այս գործողությունը համեմատել էին Հոկտեմբերի 27-ի հետ։
Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած բևեռի մաս են կազմում նաև «Սասնա ծռեր» զինված խմբի մի շարք անդամներ, որոնք 2016 թվականին Երևանում գրավեցին Ոստիկանության գնդի տարածքը՝ հայտարարելով, թե պայքարում են, որ այն ժամանակվա իշխանությունները չհանձնեն Արցախը։ Այս գործողության հետևանքով երեք ոստիկան զոհվեց։ Խմբի անդամները դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։