Հելսինկյան կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառման պատճառով ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի սեպտեմբերի 19 -ին Ֆեյսբուքում կատարած գրառման պատճառով Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել:

Ըստ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ քրեական վարույթ է նախաձեռնվել այդ գրառման մեջ առերևույթ բռնության կոչ անելու կապակցությամբ՝ Քրեական օրենսգրքի 330 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով, այն է՝ «բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, որ տարածվել է լրատվամիջոցների կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»:

Քրեական օրենսգրքով պատիժը կարող է լինել տուգանքից ու հանրային աշխատանքներից մինչև ազատազրկում՝ 2 ամսից մինչև երեք տարի ժամկետով:

Այն, որ նման վարույթ կա, ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ինքը՝ Իշխանյանն էր հայտնել իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ իրեն մի քննիչ է զանգահարել և հայտնել իրեն բռնության կոչ անելու հոդվածով մեղադրանք առաջադրված լինելու մասին: Գոռ Աբրահամյանը, սակայն, «Ազատությանը» հայտնեց, որ Ավետիք Իշխանյանի նկատմամբ այժմ քրեական հետապնդում հարուցված չէ և մեղադրանք էլ ներկայացված չէ, ընթանում է նախաքննությունը:

Ավետիք Իշխանյանը, ով սեպտեմբերի 19 -ին Արցախի հայաթափմանը հանգեցրած ադրբեջանական հարձակման օրը, վարչապետի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում էր արել, այսօր նշել է, որ բացարձակապես չի զղջում գրառման համար, համարում է, որ նույնիսկ մեղմ է արտահայտվել: «Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել» - գրել է Իշխանյանը:

«Մոտավորապես շատ նման է խոսքի ազատության սահմանափակմանը»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ քրեական գործ հարուցելու համար իրավապահները շատ լուրջ պատճառներ պետք է ունենան:

«Մոտավորապես շատ նման է լինում խոսքի ազատության սահմանափակմանը, այսօր սոցիալական կայքերն, ըստ էության, փոխարինում են խոսքի ազատությանը, այն ազատությանը, որ մենք մի 20-30 տարի առաջ փողոցներում էինք խոսում, և հիմա զրույցի հիման վրա քրեական գործ հարուցելը որքան կարող էր լինել ընդունելի նորմալ ժողովրդավարական հասարակության համար: Ոչ ժողովրդավարական հասարակություններում դա շատ ընդունելի է, Հյուսիսային Կորեայում ցանկացած խոսքի համար են քրեական գործ սկսում, Ռուսաստանում սոցիալական կայքերում ցանկացած գրառման համար կարելի է երկար տարիներով հայտնվել կալանավայրերում: Հիմա եթե մենք պետք է տարբերվենք այդ երկրներից, ուրեմն պետք է տարբերվենք, պետք է լինեն հանդուրժող, պետք է հասկանանք, որ բոլոր պատճառներով չի, որ պետք է քրեական գործեր հարուցվեն ու ընդհանրապես պետք է հասկանանք, որ մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցելը խաղ ու պար չպետք է լինի», - ասաց Հարությունյանը:

Իրավապաշտպանը հիշեցնում է նաև, որ բռնության առերևույթ կոչեր հնչում են նաև իշխանությունների, այդ թվում՝ ամենաբարձր պաշտոնյաների շուրթերից: Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասֆալտին փռելու մասին է խոսում, վերջին ամենաթարմ նման ելույթը ավագանու նախընտրական շրջանում էր:

Որոշ պաշտոնյաներ խոսքից գործի էլ են անցնում, ապա լավագույն դեպքում հնչում է ներողություն՝ առանց քաղաքական ու իրավական հետևանքների, և պարզաբանում, թե պաշտոնյան էլ մարդ է, կարող է հունից դուրս գալ:

«Ասֆալտին փռելու սպառնալիքը կամ բորդյուրներին խփելու, պատերին ծեփելու սպառնալիքը, դրանք նույնպես բռնության կոչեր են ու շատ ավելի լուրջ բռնության կոչեր են, որովհետև դա արվում է իշխանությունների կողմից, որոնք ունեն այդ հնարավորությունը: Եթե մարդը ստիպված այս մեր լարված իրավիճակի թելադրանքից դրդված սոցիալական կայքերում, սրճարաններում, իր խոհանոցում, իր ընկերների հետ ինչ-ինչ զրույցներ է ունենում, ընդունելի կամ անընդունելի գրառումներ է անում, դա այնքան լուրջ չպետք է ընդունվի, որքան իշխանությունների խոստումները և սպառնալիքները: Եթե պետք է այս դեպքում լինի քրեական գործ, ապա ինչո՞ւ մյուս դեպքում չի լինում այդ քրեական գործը, իհարկե, դա հարց է, որ պետք է հնչի», - ընդգծեց իրավապաշտպանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է. Փաշինյան

Վարդան Հարությունյանն ասում է՝ իշխանությունը Ֆեյսբուքը խոշորացույցի տակ է պահում՝ մտավախություն հայտնելով, որ դա ճնշման ձև է. - «Ֆեյսբուքը վերցրել են որպես մի հարթակ, որտեղից կարելի է պեղել և եթե պեղենք, ապա այնտեղից շատ մարդկանց հնարավոր կլինի մեղադրանքներ ներկայացնել, բայց արդյո՞ք ճիշտ է գնալ այդ ճանապարհով»:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք սա ճնշման ինչ-որ ձև է, իրավապաշտպանը պատասխանեց. - «Այո, սա արդեն պարտադրանք է ցենզուրայի և ինքնացենզուրայի: Եթե մենք հետհայացք նետենք, ապա կտեսնենք, որ տարիներ առաջ՝ մի 4-6 տարի առաջ Ռուսաստանն այս ճանապարհով էր գնում, մինչև հասավ այսօրվա վիճակին»:

Սեպտեմբերին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հավաքից հետո քննչականը 60 հոգու դեմ քրեական հետապնդում է հարուցել՝ հիմնականում զանգվածային անկարգություններին մասնակցության համար, բայց 7 հոգու դեպքում՝ գործ է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, այդ գործերից մեկը՝ համացանցի միջոցով բռնությունների և դրանց արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ ուղարկվել է դատարան: