Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 49-րդն է


FRANCE-MEDIA-FREEDOM-RSF
FRANCE-MEDIA-FREEDOM-RSF

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն իր զեկույցում թեև Հայաստանում իրավիճակը բավարար է գնահատում, սակայն, նաև մի շարք խնդիրներ է առանձնացնում։

Հենց Մամուլի ազատության միջազգային օրը հրապարկված զեկույցում կազմակերպությունն ընդգծում է՝ չնայած բազմակարծության միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ ու հավելում՝ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ։

«Ֆեյսբուքյան էջերում, տելեգրամյան ալիքներում և այլն սկսվում է «հարձակման» մեծ հոսք՝ սկսած անձնական վիրավորանքներից, վերջացրած մահվան սպառնալիքներ և այլն», - ասում է «Առավոտ» օրաթերթի լրատրող Հռիփսիմե Ջեբեջյանը։

Զեկույցում, մասնավորապես, նշված է. - «ԶԼՄ-ների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ մոտ են իշխանություններին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, և միայն մի քանիսն են անկախ։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական արշավներ են իրականացնում ու հարձակվում լրագրողների վրա»։

Ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ըստ կազմակերպության, բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։

Հռիփսիմե Ջեբեջյանը կազմակերպության բարձրաձայնած խնդիրներին հաճախ է առնչվում, որպես օրինակ շեշտում է իր հասցեին հնչող ատելության խոսքը. - «Ատելությունն իսկապես ակնհայտ է, որ կա։ Այն, ինձ թվում է, երկրում առկա գեներացված ատելության մթնոլորտի մի մասն է, որովհետև մամուլը հայելին է երկրի, հասարակության առհասարակ։ Պարզ է, որ եթե հասարակության մեջ կա էդ ատելությունը, դա կդրսևորվի նաև լրագրողների նկատմամբ, որոնք հանրային մարդիկ են ըստ էության»։

Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող Ջեբեջյանը հենց Ազգային ժողովում կիրառվող սահմանափակումներն է ընդգծում. օրինակ, 2021-ից, ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակեցին, միջադեպերի պակաս էլ չի եղել. - «Հաշվի առնելով, որ խորհրդարանում եմ լինում, նման միջադեպերից ձեռնպահ չեմ կարողանում մնալ։ Բայց դա ընդամենը գործունեության մի մասն է»։

Զեկույցում մատնանշված խնդիրներն ամբողջությամբ արտացոլում են մամուլի ազատության առկա վիճակը, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին պարբերաբար ուսումնասիրություններ իրականցնող կազմակերպության ղեկավարի կարծիքով, լրատվամիջոցների բևեռացումը տեսանելի ապագայում էլ չի փոխվելու. - «Այն ատելության մթնոլորտը, անհանդուրժողականության մթնոլորտը, որը գրանցվում էր Հայաստանում, հատկապես հետհեղափոխական շրջանում, դա պահպանվում է, և կարծում եմ, որ և' քաղաքական վերնախավը, նկատի ունեմ իշխանությունը և' ընդդիմությունը հակված չեն որևէ կոմպրոմիսների կամ իրենց հռետորաբանության մեղմացման»։

Այս տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշումների փաստեր թեև չեն արձանագրվել, բայց սա էլ շարունակում է լուրջ խնդիր մնալ, շեշտում է Մելիքյանը. - «Երբ որ սրվում է իրավիճակը, և բողոքի ակցիաներ են լինում կամ մասսայական միջոցառումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք, որ լրագրողների և օպերատորների իրավունքները խախտվում են, ֆիզիկական բռնության դեպքեր են արձանագրվում»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև առանձնացնում է պետական տեղեկատվության սահմանափակ հասանելիության խնդիրը, երբ լրագրողներն իրենց հարցումներին պատասխաններ չեն կարողանում ստանալ։ Աշոտ Մելիքյանի խոսքով, այս առումով իրավիճակը գնալով միայն վատթարանում է. - «Տեսնում ենք, որ անհիմն մերժումները բավականին շատ են, էլ ավելի շատ են հարցերին ըստ էության չպատասխանելը»։

Այդուհանդերձ, այս խնդիրներին զուգահեռ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է մնում։ Վրաստանը 77-րդն է, Ադրբեջանը 151-րդը, Թուրքիան 165-ը, Իրանը 177-րդը, իսկ Ռուսասատանը 164-րդը։

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանն այս զեկույցում առաջադիմել է 30 հորիզոնականով։ 2017-ին 79-րդ հորիզոնականում էր։

7-րդ տարին անընդմեջ ամենաազատ մամուլ ունեցող երկիր Նորվեգիան է ճանաչվում։

XS
SM
MD
LG