Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանուն Ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. - «Գիտակցելով խոսքի և ազատ արտահայտման կարևորությունը՝ մեր կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար՝ որպես իրական ժողովրդավարության կարևոր մաս։
Անցած տարի դրա շնորհիվ Հայաստանն աննախադեպ առաջընթաց գրանցեց Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։ Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսով Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ»։
Փաշինյանն ընդգծել է, որ մեր օրերում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս մամուլի, խոսքի և արտահայտման ազատության համար։ Դրանք, ըստ վարչապետի, կեղծ լուրերն են, որոնք իրական խնդիր են դառնում ժողովրդավարական երկրների համար։
«Բայց նույնիսկ այս մարտահրավերը չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով, -«Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ»։
Հայաստանը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի 120 հրավիրյալ երկրներից մեկն է և արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս գագաթնաժողովին։ Այս տարի ևս հրավեր չեն ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը։