Մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք. Միրզոյանը՝ հայ-ռուսական հարաբերություններից

Միրզոյանը չի բացառում՝ մոտ ապագայում հայ-թուրքական պայմանավորվածությունների մասով լավ նորություն լինի

Հայաստանի արտգործնախարարը լավատես է, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով գուցե լավ նորություն լինի։ Արարատ Միզոյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում էր հաջորդ տարվա բյուջետային քննարկմանը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սկսված հաշտեցման գործընթացը առայժմ մեծ հաշվով շոշափելի արդյունքներ չի տվել. կար պայմանավորվածություն դեռ ամռանը բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Բայց, Երևանում հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացումից հետո Անկարան պահանջեց հանել այն։ Երևանը մերժեց։ Ամիսների դադարից հետո վերջերս միայն երկու երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական շփում ունեցան Թեհրանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դիվանագիտական քայլ է». թուրքագետը մեծ ակնկալիքներ չունի Էրդողանի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցությունից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը այսպիսով որևէ փոփոխության չի ենթարկվի. Արա Գոչունյան

«Այն մեր պայմանավորվածությունը, որ վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն հատուկ խմբի մարդկանց, առայժմ, համար, հետո արդեն շարունակել քննարկումը», - հիշեցրեց նա։

Միրզոյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Չնայած հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը նոտաների փոխանակման է հասել, պաշտոնական հայտարարություններն էլ դիվանագիտական ձևակերպումներից անդին են, Միրզոյանը դրանք այսպես բնութագրեց՝ կան որոշ խնդիրներ, տրամադրված են քննարկել դրանք ու հարթել. - «Մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ՝ Ռուսաստանի Դաշնությունում նույնպիսի վերաբերմունք կա, մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիաեթերներում և այլն»։

Ռուսաստանի կողմից այդքան քննադատված ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, ըստ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի, առաջընթաց են ամրագրել՝ շուտով կստորագրվի համաձայնագիր դիտորդների իմունիտետի և արտոնությունների վերաբերյալ, նաև տեղեկացրեց, որ բանակցություններ կան առաքելության քանակի ու գործառույթների ավելացման ուղղությամբ։ Այս պահին Միությունը մոտ 100 դիտորդ ունի Հայաստանում: Թե քանիսը կլինեն ապագայում և հատկապես ի՞նչ լիազորություններով կարող են օժտվել՝ արդյոք՝ նաև զինվել, փոխարտգործնախարարը փակագծեր չբացեց:

Ալիևը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպումներից. փոխարտգործնախարար

Նույն Հովհաննիսյանը կրկին ԱԺ-ում այսօր հայտարարեց՝ Եվրամիության ու այլ գործընկերների կողմից շարունակվում են ջանքերը հայ-ադրբեջանական գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար, նաև ընդունեց՝ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպումներից: Միրզոյանն, իր հերթին, թվեր հրապարակեց՝ Հայաստանի ինչքան տարածք է Ադրբեջանն օկուպացրել. - «Մենք ունենք Հայաստանի Հանրապետության տարածք դեռևս 1990-ականներից Ադրբեջանի տակ հիմա գտնվող, և ունենք այս թարմ օրինակներում։ Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածք, որ հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի ներքո»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ. Էրդողան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան հանդես է գալիս, որ էսկալացիա չլինի տարածաշրջանում, պատուհանն օգտագործվի խաղաղության համար. Բերբոք

Հայ-ադրբեջանական կարգավորման վրա, սակայն, արտգործնախարարը շատ չծանրացավ, չնշեց խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներ։

Իշխանականները հույս ունեին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև անցած տարեվերջ, այս տարի՝ մինչև այս տարեվերջ, հիմա արդեն 24 թվականից են սկսել խոսել։ Հաջորդ տարվա առաջնահերթությունն էլ, ըստ Միրզոյանի, խաղաղության խաչմերուկի կայացումը՝ տարածաշրջանի ապաշրջափակումն է լինելու:

Միրզոյանն այսօր ասաց՝ հաշված օրերի ընթացքում ծրագրով արդեն հետաքրքրվողներ կան։ Թե որ երկրները, չմանրամասնեց. - «Մենք բլեֆ չենք անում, մենք իսկապես ուզում ենք, որ Արևմուտքն ու Արևելքը կապվեն իրար»։

Ներկաներ-նախկիններ բանավեճ՝ նաև բյուջեի քննարկմանը

Ներկաներ-նախկիններ բանավեճից այսօրվա քննարկմանն էլ չխուսափեցին, բանը հասավ վիճաբանության։ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն իշխանությանը մեղադրեց ինքնիշխանության շարունակական կորստի համար։ Արարատ Միրզոյանը պատգամավորին հակադարձեց՝ հիշեցնելով այն ժամանակները, երբ նրա կուսակցությունը՝ Դաշնակցությունն էր իշխանության մաս և Ռուսաստանին էր վստահում ռազմավարական ուղղություններ։

«Համակերպված էիք, որ պիպետկով այնքան զենք կաթացնեն, ինչքան պետք է, և չկաթացնեն այնքան զենք, երբ որ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանի Հանրապետությունը հաշվարկված կերպով ծնկի բերվի։ Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020 թվականից հետո, և բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են և ձեր կողմից փայփայվում են և քարոզվում, չաշխատեցին»։

200 ԵՄ դիտորդներն ե՞ն եղել ձեր ձեռքբերումը. ընդդիմադիր պատգամավոր

«Ադրբեջանական ախորժակը Արցախով միայն ավելի գրգռվել է, ու դուք չունեք որևէ ռեսուրս՝ զսպելու այդ ախորժակը, միակ բանը, որ ասացիք, 200 ԵՄ դիտորդները, որոնք զինված են հեռադիտակներով, իրո՞ք դա է եղել ձեր ձեռքբերումը այս 5 տարվա ընթացքում», - ասաց պատգամավորը։

Ի դեպ, իշխանական պատգամավորներից Գուրգեն Արսենյանն այսօր հայտարարեց, թե Արցախի հայաթափումը տարածաշրջանը դարձրեց կոնֆլիկտազուրկ։ Արսենյանը հավակնում է դառնալ Հայաստանի դեսպանը Ռուսաստանում, սակայն նրա վիճահարույց հայտարարությանը արտգործնախարար Միրզոյանը չարձագանքեց։