Ռուսաստանը ստորաբար հարվածեց թիկունքից, ինչպես վարվել է միշտ. Արմեն Բաղդասարյան

Ռուսաստանից նեղանալ պետք չէ, Ռուսաստանը վարվեց այնպես, ինչպես վարվել է միշտ, վարվեց ստորաբար, դավաճանաբար, թիկունքից հարվածեց, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ պետք չէր հույս դնել Ռուսաստանի վրա, ինչը անում էին Արցախում, ՌԴ-ի նման պահվածքն առաջին անգամը չէ. - «Ռուսաստանին պետք է Հայաստան որպես ՀԱՊԿ անդամ, որպես Արևմուտքից հրածարված երկիր», - նկատեց նա՝ հավելելով, որ հույսը սեփական ողջախոհության վրա էր պետք դնել։

Հարցին, թե տեսնո՞ւմ է խաղաղության հնարավորություն՝ հաշվի առնելով, որ գլխավոր տարաձայնությունը՝ Արցախի հարցը, ուզենք թե չուզենք, լուծված է, ըստ էության, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. - «Ոչ, չեմ տեսնում, որովհետև Արցախի հարցը գլխավորը չէր, գուցե գլխավորն էր մեզ համար, բայց Ադրբեջանի համար դա գլխավորը չէր։ Նրանք նույնիսկ Արցախը Հայաստանից չեն տարանջատում որպես հայկական կենսատարածք։ Նրանք տարանջատում են այն իմաստով, որ Արցախի դեպքում կարող են ռազմական ճանապարհով լուծել այդ հարցը, Հայաստանի դեպքում ավելի բարդ է, բայց ընդհանուր առմամբ նրանք սա ընկալում են որպես այդ անիծյալ սեպը՝ Հայաստանը և Արցախը միասին, որի մի մասի հարցը իրենք լուծեցին, բայց մյուս ավելի կարևոր հարցը՝ Սյունիքը իրենք դեռ չեն լուծել։ Հետևաբար, քանի դեռ այդ հարցը այս կամ այն կերպ չի լուծվել, ես կարծում եմ, որ խաղաղության հասնելու հավանականությունը զրոյական է»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.