Մատչելիության հղումներ

Ռուսները Ղարաբաղից տեխնիկան ուղարկում են Ռուսաստան՝ «վերանորոգման»


Ռուս խաղաղապահների զրահամեքենան, Լեռնային Ղարաբաղ, 7-ը հոկտեմբերի, 2023թ.
Ռուս խաղաղապահների զրահամեքենան, Լեռնային Ղարաբաղ, 7-ը հոկտեմբերի, 2023թ.

Ռուս զինվորականները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում ռոտացիա են անցկացնում և զինտեխնիկան պլանային վերանորոգման համար ուղարկում Ռուսաստան:

«Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:

Դրանում տեղակայման վայրը նշվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան»: Հաղորդագրության համաձայն՝ «անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»:

Ադրբեջանի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հարցականի տակ դրեց այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: Անցած մեկ ամսում նրանք փակել են Արցախի նախկին շփման գծում իրենց դիտակետերի մեծ մասը:

Խաղաղապահ զորախմբի հարցը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք, սակայն, որևէ հայտարարություն չարեցին հնարավոր համաձայնության վերաբերյալ:

Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ռուսական կողմին Ադրբեջանի ռազմական գործողությունը չկանխելու կամ չդադարեցնելու համար: Պաշտոնական Մոսկվան, սակայն, մերժում է այդ քննադատությունը:

XS
SM
MD
LG