Բայդենը վետո կդնի ռազմական արտակարգ օգնության օրինագծի վրա, եթե այն հաշվի չառնի Ուկրաինայի շահերը

Նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Վաշինգտոն, 21 սեպտեմբերի, 2023թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի ռազմական արտակարգ օգնության մասին հանրապետականների առաջարկած օրինագծի վրա, եթե այն հաշվի չառնի Ուկրաինայի շահերը և ենթադրի աջակցություն միայն Իսրայելին:

Սպիտակ տունը նշել է, որ օգնությունն Իսրայելին և Ուկրաինային պետք է հատկացվի մեկ փաթեթով, քանի որ երկու հարցերի տարանջատումը «կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար համաշխարհային հետևանքների»:

Հոկտեմբերի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետականներն առաջարկել են Իսրայելին տրամադրել 14 միլիարդ 300 միլիոն միլիարդ դոլար՝ կրճատելով ԱՄՆ ներքին եկամուտների դաշնային ծառայության ֆինանսավորումը:

Ներկայացուցիչների տան նոր խոսնակ, նախկին հանրապետական նախագահ Դոնալդդ Թրամփի աջակից Մայք Ջոնսոնն, ով դեմ էր Կիևին լրացուցիչ օգնության տրամադրմանը դեռ նախքան խոսնակ ընտրվելը՝ հայտարարել է, թե կցանկանար նախ արտակարգ օգնություն հատկացնել Իսրայելին և առանձին քննարկել Ուկրաինայի հարցը։

Նա նաև ասել է, որ կցանկանար ավելի մեծ հաշվետվողականություն տեսնել այն գումարների համար, որոնք արդեն փոխանցվել են Ուկրաինայի կառավարությանը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։

Դեմոկրատները մեղադրել են հանրապետականներին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում արգելափակել են Իսրայելին օգնության տրամադրումը, հիմնվելով բացառապես կուսակցական դիրքորոշման վրա:

Նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ խնդրել է Կոնգրեսին անհապաղ հատկացնել 106 միլիարդ դոլար, որից կեսից ավելին կփոխանցվի Ուկրաինային, իսկ մնացած մասն՝ Իսրայելին, Թայվանին և Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի պաշտպանության հզորացմանը: