ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Ըստ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը «ահաբեկչությունից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին»։
Բլինքենն ու Հերցոգը քննարկել են Իսրայելում, Արևմտյան ափին և Գազայում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությանն ուղղված ջանքերը․ շարունակել անխոնջ աշխատել պատանդներին տուն բերելու համար, հրատապ ավելացնել մարդասիրական օգնության տեմպերը և ծավալը՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների համար և կանխել կոնֆլիկտի տարածումը:
Հեռախոսազրույցից հետո Բլինքենը նաև գրառում է կատարել X-ի իր էջում։
Էնթոնի Բլինքենն ուրբաթ կրկին կայցելի Իսրայել։ Հոկտեմբերի 7-ի հակամարտության նոր սրացումից ի վեր սա կլինի ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցը Մերձավոր Արևելք։
Հեռախոսազրույց Դմիտրի Կուլեբայի հետ
Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Ըստ Միլլերի՝ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և շարունակելու Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իր անկախությունն ու ժողովրդին պաշտպանելու համար։