Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի հոկտեմբերի 11-ի այցից հետո Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։
Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, փաթեթով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ 100 հազար ղարաբաղահայերի, այդ թվում՝ մոտ 30 հազար երեխաների հյուրընկալելու խնդիրները լուծելու համար:
Նշվում է, որ այցի շրջանակներում Քայաջիկը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ, այցելել է նաև Արտաշատի քաղաքապետարանի երկու ապաստարաններ, մատնանշել աջակցության այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության 2021-2025 թթ. գործողությունների ծրագրում:
«Այս նվիրված և նպատակաուղղված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին», - ասել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 64 արցախցի է մահացել բռնի տեղահանման ընթացքում․ ՔԿ