Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդակայանը հոկտեմբերի 29-ին փակվել է՝ համալիրի շենք և թռիչքուղի շուրջ հազար մարդկանց ապօրինի ներխուժման պատճառով:
Նրանք ասել են, թե սատարում են Գազայի պաղեստինցիներին և բողոք են հայտնել Թել Ավիվից Մախաչկալա ուղևորատար ինքնաթիռի ժամանման դեմ:
«Մախաչկալայի օդակայան անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար»,- նշվում է «Ռոսավիացիայի» հաղորդագրությունում:
Մախաչկալա հոկտեմբերրի 29-ին ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարում հարևան քաղաքների օդակայաններում: Օդակայանը փակ կլինի մինչև նոյեմբերի 6-ը:
Մախաչկալայի օդակայանում ստեղծված իրավիճակի հարցով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի աշխատանքը կարգավորում է Դաղստանի հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։
Բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր մարդիկ, ովքեր հաշվեհարդարի նպատակով օդակայանի միջազգային տերմինալի սրահում և շենքի մոտ կայանված ավտոմեքենաներում որոնել են Թել Ավիվից ժամանած ուղևորներին:
Հնարավոր բախումները կանխելու համար օդակայանի տարածք են բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր:
Ոստիկաններն, ի վերջո, կարողացել են օդակայանի տարածքից դուրս մղել ներխուժած մարդկանց: Առնվազն չորս ցուցարար ձերբակալված է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը շարունակում է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում