Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան երեկ երեկոյան քվեների գերիշխող մեծամասնությամբ ընդունել է պարտադիր ուժ չունեցող բանաձև, որով կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայում:
Բանաձևը նաև կոչ է անում մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակված Գազայի հատվածին և պաշտպանել խաղաղ բնակիչներին:
Փաստաթուղթն ընդունվել է քվեների120 կողմ, 45 ձեռնպահ և 14 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած երկրների թվում են եղել նաև Իսրայելն ու Միացյալ Նահանգները:
Արաբական երկրների կողմից մշակված այդ բանաձևը պարտադիր կատարման ենթակա չէ, սակայն քաղաքական կշիռ ունի, քանի որ արտահայտում է աշխարհի երկրների մեծամասնության տեսակետը մի ժամանակաշրջանում, երբ Իսրայելը պատրաստվում է ցամաքային խոշոր գործողությունների Գազայում:
«Երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել, դա միանշանակ կոչ է դադարեցնել հարձակումները, պաշտպանել միջազգային իրավունքը, անհապաղ և անարգել մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի մեր ժողովրդին»,- ասել է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը:
«Այս օրը խայտառակության օր է: Մենք բոլորս ականատես ենք եղել, որ ՄԱԿ-ն այլևս նույնիսկ չնչին լեգիտիմություն չունի: Այս կազմակերպությունը հիմնադրվել է Հոլոքոսթից հետո՝ վայրագությունները կանխելու համար, բայց հենց նոր տեսանք, որ ՄԱԿ-ը, ցավոք, ոչ թե կանխում, այլ ապահովում է հետագա վայրագությունները», - ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը:
Կանադան առաջարկել է լրամշակում, որով բանաձևը պետք է նաև դատապարտեր «Համաս»-ի կողմից կատարված ահաբեկչություններն ու մարդկանց պատանդառումը, սակայն առաջարկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ քվեների երկու երրորդը: