ԱՄՆ-ը ևս 150 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգներն Ուկրաինային ռազմական օժանդակության նոր տրանշ է հատկացնում՝ «օգնելու հաջողության հասնել մարտի դաշտում և պաշտպանելու իր ժողովրդին Ռուսաստանի դաժան ներխուժումից»:

Փաթեթը, ինչպես հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ընդգրկում է 150 միլիոն դոլարի զենք-զինամթերք, որոնց համար նախապես արդեն լիազորություն էր տրվել Կիևին ուղղակի հատկացումների շրջանակում:

Նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության, հակատանկային միջոցներ, հրետանի և այլ «կարողություններ, որոնք է՛լ ավելի կմեծացնեն ռուսական հարձակումներից սեփական տարածքը պաշտպանելու և Ռուսաստանի ուժերի դեմ հակահարձակումը շարունակելու Ուկրաինայի ունակությունը», - նշել է Բլինքենը:

«Ռուսաստանն է սկսել այս պատերազմը և կարող է ավարտել այն ցանկացած ժամանակ՝ իր ուժերը ետ քաշելով Ուկրաինայից և դադարեցնելով վայրագ հարձակումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել», - ընդգծել է պետքարտուղարը:

Անցած տարվա փետրվարից՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմ սկսելուց հետո, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Կիևին մոտ 46 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, որից Բայդենի վարչակազմն արդեն տրամադրել է շուրջ 20 միլիարդ դոլար: