Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն է արտգործնախարարների մակարդակով: Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ու նաև տարածաշրջանի երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի Թուրքիայի մասնակցությունը ենթադրող ձևաչափով հանդիպմանն այսօր մասնակցում են 6-ից 5-ը։
Վրաստանը բոյկոտում է տարածաշրջանային այդ հարթակը. չէր մասնակցել երկու տարի առաջ փոխարտգործնախարարների մակարդակով կայացած առաջին հանդիպմանը, այժմ էլ հրաժարվել է նույն պատճառաբանությամբ, որ Ռուսաստանի հետ միևնույն ձևաչափում չի կարող լինել, քանի դեռ Ռուսաստանը չի հանել զորքը Աբխազիայից և Հարավային Օսիայից:
«Եկել է Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և զարգացման ժամանակը»
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հանդիպման բացման խոսքում հայտարարել է, որ եկել է Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և զարգացման ժամանակը։
«Պատերազմն ավարտվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է նա՝ հավելելով, որ այս հարթակում հանդիպումը կարող է հիմնաքար դառնալ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու և խնդիրները տարածաշրջանի ու հարևան երկրների մասնակցությամբ լուծելու համար։ - «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները, հատկապես խնդիրները Հարավային Կովկասում կարող են լուծվել առանց արտաքին միջամտության: Սա է այսօրվա «3+3» ձևաչափով հանդիպման ուղերձի մի մասը»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս ավելի վաղ հայտարարել էր, որ «կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը»: Ռուսաստանը խիստ բացասաբար է վերաբերվում արևմտյան միջնորդական ջանքերին:
«Ռուսական կողմը որպես այս միջոցառման կազմակերպիչ ներկայացրել է իր փաստաթուղթը, որում ներկայացվում էին այդ ձևաչափով համագործակցության հեռանկարները, գործնական պրոյեկտները՝ դա տնտեսությունն է, էներգետիկան, առևտուրը, տրանսպորտը, ինֆորմացիոն և կապի տեխնոլոգիաները, բնական ռեսուրսները, նաև մշակույթը, տուրիզմը», - այսօր ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ շարունակելով. - «Եվ այդ բոլոր ուղղություններով այսօր համաձայնություն ի հայտ եկավ, կողմերը համաձայնեցին, որ յուրաքանչյուր երկիր հատուկ ներկայացուցիչ կնշանակի, որը կձևակերպի այդ երկրի ազգային գաղափարները վերը նշված ուղղություններով: Դրանից հետո ամեն ինչ կհամակարգվի մեր թուրք գործընկերների հետ, ովքեր կընդունեն հաջորդ նախարարական հանդիպումը հաջորդ տարվա առաջին կեսին: Այնպես որ՝ կոնկրետ գնահատականները և կոնկրետ պայմանավորվածությունները կբարձրաձայնվեն այսօր Իրանի արտգործնախարարի կողմից»:
«Հայ - ադրբեջանական հակամարտությունը մեծ հաշվով լուծված է». Լավրով
Երևանը, ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարի, «այս ձևաչափին դրական է վերաբերվում, քանի որ մասնակցում է դրան»: «Ինչ վերաբերում է հայ - ադրբեջանական հարաբերություններին՝ հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու երկրներն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա գլխավոր չլուծված հարցն էր, այժմ մնում է գործնական քայլեր իրականացնել հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի պատրաստման, սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ, ինչպես ասվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ընթացքում»:
«Հայ - ադրբեջանական հարաբերությունների այս ասպեկտներն ուղղակիորեն «3+3» ձևաչափում չեն քննարկվում, դրա համար կան այլ ուղիներ, որ կողմերի միջև համաձայնեցվել են, և Ռուսաստանն այդ բոլոր գործընթացներում համակարգողի դեր ունի, բայց հավելյալ հարթակն ինքնին, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ներկա են և որն ընդհանուր առմամբ տարածաշրջանում դրական միտումների զարգացմանն է ուղղված, օբյեկտիվորեն օգնում է լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև մնացած հարցերը», - ասել է Լավրովը:
«Պետք է կարողանալ խաղալ մեծ շախմատային խաղատախտակի բոլո՛ր վանդակների վրա»
Իսկ որքանո՞վ է այս ձևաչափը բխում Հայաստանի շահերից, հնարավո՞ր է արդյոք, որ այսկերպ փորձ է արվում չեզոքացնել Բրյուսելի միջնորդությամբ գործընթացն ու հայ - ադրբեջանական կարգավորումը տեղափոխել այլ ձևաչափ: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Հայաստանը շահեր ունի և պետք է աշխատի բոլոր ուղղություններով:
«Որովհետև առնվազն սա մեր աշխարհագրությունն է, և մենք լինենք այդ ձևաչափով աշխատանքային սեղանի շուրջ թե ոչ, եթե այնտեղ կան վտանգներ, այդ վտանգները մեզ համար դառնալու են սպառնալիքներ: Եվ եթե մենք չենք կարողանում չեզոքացնել այդ վտանգները սեղանի շուրջ, մենք չենք կարողանալու դա անել, եթե չմասնակցենք այդ սեղանին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բադալյանը:
Հետևաբար, ըստ նրա, «այս տրամաբանությամբ պետք է մոտենալ և այսօր պետք է կարողանալ խաղալ մեծ շախմատային խաղատախտակի բոլո՛ր վանդակների վրա, որովհետև այսօր չկան լոկալ խնդիրներ՝ կա համաշխարհային մեծ պատերազմ, և այդ համաշխարհային պատերազմն է ընդգրկում բոլոր հարցերը՝ միմյանց փոխկապակցված»:
«Եվ այդ տեսանկյունից, ես կարծում եմ, Երևանը պետք է մասնակցի այդ աշխատանքին և այդկերպ փորձի չեզոքացնել, եթե կան որևէ վտանգներ, ռիսկեր և այլն: Կրկնեմ՝ որովհետև եթե մասնակցելով հնարավոր չէ դրանք կառավարել և չեզոքացնել, չմասնակցելով առավել ևս չի լինելու դա անել», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Հակոբ Բադալյանը նշում է, որ Հայաստանը պետք է նաև այս հարթակում բարձրացնի իր համար կարևոր անվտանգային հարցերն ու նաև Արցախի բնակչության իրավունքների հարցը:
«Հայաստանը, բնականաբար, պետք է առաջ մղի իր համար կարևոր հարցերը, որոնք այսօր առավելապես վերաբերում են անվտանգությանը և Հայաստանի տարածքային ամբողջությանը, սահմանների անձեռնմխելիությանը: Եվ միևնույն ժամանակ Հայաստանն այսօր ունի, թերևս, մեկ այլ խնդիր՝ դա արցախցիների վերադարձի հարցն է՝ սպասարկել բոլոր հարթակներում: Իհարկե, այդ խնդրի հարցում մենք այսօր չունենք առանձնապես մեծ հնարավորություններ, բայց աշխատանքները պետք է կառուցենք նաև հաշվարկելով, որ մենք այս խնդիրը ևս ունենք մեր արտաքին քաղաքական օրակարգում և իրավունք չունենք տապալելու: Գոնե այստեղ պետք է կարողանանք պաշտպանել բռնի տեղահանված արցախցիների իրավունքները», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը: - «Այսինքն՝ խնդիրները Հայաստանի գործնականում պարզ են բոլոր հարթակների առնչությամբ, և հարցը հետևյալն է՝ մենք ինչպես ենք կարողանում սպասարկել մեր խնդիրները տարբեր ձևաչափերով: Որովհետև, կրկնեմ, մենք ունենք աշխարհագրություն, մենք ունենք մեծ աշխարհաքաղաքականություն, և այստեղ համարել, որ ինչ-որ ձևաչափեր կան մեզ համար, ինչ-որ ձևաչափեր չկան, ես կարծում եմ՝ այնքան էլ արդյունավետ չի լինի»:
Ռայիսին ընդունել է Միրզոյանին և Բայրամովին
Մինչև «3+3» ձևաչափով հանդիպումը Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ըստ իրանական IRNA գործակալության՝ Միրզոյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահը նշել է, որ արտաքին միջամտությունը վնասակար է տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «իր հզոր և ազդեցիկ դիրքի շնորհիվ պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա վեճերը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերԻրանի նախագահն այսօր ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարարին: Ըստ իրանական Mehr գործակալության` Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Ռայիսին դարձյալ նշել է տարածաշրջանում խնդիրները փոխգործակցությամբ լուծելու կարևորությանը, հայտարարել, որ Ադրբեջանի հետ փոխգործակցության մակարդակը բարձրացնելը իրենց արտաքին քաղաքականության առանցքային կետերից է: Բացի այդ, Իրանի նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին, զգուշացնելով, որ «ոչ մի մահմեդական երկրի բարեկամ չի կարող բարեկամ լինել Իսրայելի սիոնիստական ռեժիմի հետ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռայիսին Թեհրանում ընդունել է Բայրամովին