ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համոզմամբ, Իսրայելը և Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ ստատուս քվոյին, և անհրաժեշտ է գտնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա Իսրայելին խուսափել «Համաս»-ի հարձակումներից։ Այդ մասին Բլինքենն ասել է NBC հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում:
«Կարծում եմ՝ մենք հասկանում ենք, որ չենք կարող վերադառնալ ստատուս քվոյին, երբ «Համաս»-ը կկարողանա կրկնել այն, ինչ արել է: Պետք է ինչ-որ նոր բան գտնել»»,- ասել է Բլինքենը:
Նրա կարծիքով՝ Իսրայելը մտադիր չէ վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը։
Բլինքենն ասել է, որ այժմ պետք է աշխատանք սկսել և ճշտել, թե ինչպես է Գազան կառավարվելու հակամարտությունից հետո:
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են ՄԱԿ-ի օգնությամբ և արաբական երկրների ներգրավմամբ Գազայի հատվածում ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը։
Քննարկումները վաղ փուլում են, և ելքը կախված կլինի հակամարտության զարգացումից՝ ներառյալ իսրայելական զորքերի ցամաքային գործողությունը։
CNN-ն ավելի վաղ հայտնել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցներն իսրայելցիների հետ մասնավոր զրույցներում Իսրայելին հետ են պահում Գազայում ցամաքային գործողություն իրականացնելուց:
Նրանք կոչ են անում իսրայելցիներին քննարկել երկարաժամկետ ռազմավարությունը Գազայի վերաբերյալ, խուսափել այդ տարածքի երկարաժամկետ օկուպացիայից և ամեն բան անել խաղաղ մարդկանց կյանքը խնայելու համար: