Ուկրաինական իշխանությունները հաղորդում են գիշերը ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի հրթիռակոծության մասին, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 4-ը, 3 մարդ անհետ կորել է:
Հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են գիշերը ժամը 2-ի սահմաններում, հրթիռներից մեկն ընկել է բազմաբնակարան շենքի վրա:
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքի վրա 6 հրթիռ է արձակվել, առայժմ հայտնի չէ, թե ուր են ընկել մյուս 5-ը, չի հստակեցվում նաև հրթիռների տեսակը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս հաղորդումը՝ իր հերթին տեղեկացնելով գիշերը Բելգորոդի, Կուրսկի մարզերի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի վրա ոկրաինական ուժերի ընդհանուր թվով 28 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին:
Անօդաչուների գրոհի համար պատասխանատվությունը Մոսկվան դրել է «Կիևի ռեժիմի» վրա: