Իսրայելը ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի լիդերներին
Հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև արյունալի հակամարտության ընթացքում այսօրվա դրությամբ երկու կողմերից սպանվել է ավելի քան 4200 մարդ: Պաղեստինցիների զոհերի թիվն առնվազն 2837 է, ավելի քան 11250 մարդիկ վիրավորվել են: Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, վիրավորվել է առնվազն 3968 մարդ: Իսրայելի բանակը հաղորդել է ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան ղեկավարների ոչնչացման մասին:
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ իսրայելյան օդուժի հարվածից Գազայում սպանվել են դատական համակարգի ղեկավար դոկտոր Թայսիր Իբրահիմը և մահմեդական քարոզիչ դոկտոր Վաիլ Ալ-Զարդը:
Ըստ Al Arabiya հեռուստակայանի, Գազայի հատվածում սպանվել է նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդներից Օսամա ալ-Մազաինին:
ՀԱՄԱՍ-ի հետ առնչություն ունեցող Ալ-Քասամի բրիգադը նախօրեին ավելի քան 100 հրթիռներ է արձակել Թել-Ավիվի, Երուսաղեմի, Բեերշեբայի և Աշկելոնի վրա:
Իսրայելյան ուժերը պատասխանում են Գազային ավերիչ հարվածներ հասցնելով, փլատակներում մնում են մեծ թվով մարդիկ, տեղական բուժկենտրոններն այլևս չեն հասցնում օգնել բոլոր վիրավորներին:
Տեխնիկան չի հերիքում, պաղեստինցիները մերկ ձեռքերով են փորում փլատակներն ու դուրս հանում թե հրթիռակոծումը վերապրած մարդկանց, թե զոհվածների մարմինները:
Իսրայելի բանակը մոտենում է Գազայի սահմանին
Ամեն բան վկայում է, որ Իսրայելի բանակը պատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում, որտեղ, ըստ իսրայելյան հատուկ ծառայությունների, ստորգետնյա թունելներում և ապաստարաններում դիրքավորվել են ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ: Իսրայելյան ծանր տեխնիկան կուտակվում է Գազայի հատվածի մոտ:
Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է վաղը ժամանել Իսրայել, այդ մասին հայտնել է պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Չորեքշաբթի օրը նախագահ Բայդենը կայցելի Իսրայել, նա գալիս է Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական պահին»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Բայդենի առաքելության հինգ բաղադրիչները
Նրա խոսքով, Բայդենի առաքելությունն ունի հինգ վճռական բաղադրիչ՝ 1. վերահաստատել Իսրայելի հետ Միացյալ Նահանգների համերաշխությունը և նրա անվտանգությանն ԱՄՆ-ի՝ Բլինքենի ձևակերպմամբ, «երկաթյա հավատարմությունը»:
2. Նախագահը միանշանակ ուղերձ կհղի բոլոր դերակատարներին, պետություններին կամ ոչ պետական կառույցներին, որ չփորձեն օգտվել առիթից և հարձակվել Իսրայելի վրա: «Չանեք դա»,- ասել է Բլինքենը:
3. Բայդենն Իսրայելի պետական և զինվորական ղեկավարների հետ կվերլուծի Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու հարցը:
4. Բայդենը կլսի Իսրայելի տեսակետը պատերազմի և այն վարելու ռազմավարության վերաբերյալ և կքննարկի Իսրայելին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը: Իսրայելն արդեն մոտ 10 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է խնդրում:
5. Եվ վերջապես, Բայդենն իսրայելցիների հետ կքննարկի Գազայի հատվածում մարտական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչությանը հնարավորինս վնաս չհասցնելու ուղիները:
Նախօրեին Բայդենը նշել է, որ ցամաքային գործողությունը մեծ սխալ կլինի Իսրայելի կողմից: Վերլուծաբանները ենթադրում են, որ Իսրայելը, հավանաբար, չի հրաժարվի այդ գործողությունից, սակայն այն չի նախաձեռնի, քանի դեռ Բայդենը կլինի Իսրայելի տարածքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը նոր ճակատներ է սպառնում Իսրայելին, եթե Գազայի հատվածի դեմ հակամարտությունը շարունակվի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հասունացել է Պաղեստին անկախ պետություն ստեղծելու ժամանակը․ Թուրքիայի ԱԳ նախարար
«Մահմեդական աշխարհի համբերությունը կհատնի»
Բլինքենի ակնարկն այն մասին, որ այլ դերակատարներ չփորձեն ներգրավվել կոնֆլիկտում, թերևս, նախևառաջ հասցեագրված է Իրանին, որը համարվում է Մերձավոր Արևելքում Իսրայելի դեմ պայքարող զինված խմբավորումների հիմնական հովանավորը:
Թեհրանն այսօր ամենաբարձր մակարդակով է մեկնաբանել հակամարտությունը: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա և երկրի փաստացի ղեկավար Ալի Խամենեին «ցեղասպանություն» է որակել Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ և պնդել է, որ սիոնիստական պետությունը պետք է դատական պատասխանատվություն կրի այդօրինակ վերաբերմունքի համար:
«Եթե այս հանցագործությունները շարունակվեն, մահմեդական աշխարհի համբերությունը կհատի, և այլևս ոչ մի ուժ նրան չի զսպի: Իսրայելն ու Արևմուտքը պետք է դա գիտակցեն: Չկարծեք, թե ինչ-որ մեկը կկարողանա այս կամ այն խմբերին արգելել անել այս կամ այն բանը»,- սպառնացել է Խամենեին:
Ռազմական հետախուզությունը խոստովանում է, որ ձախողվել է
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումը բացարձակ անակնկալ էր Իսրայելի այդքան գովազդված անվտանգության ծառայությունների համար:
Կարելի է ենթադրել, որ ռազմական գործողություններից հետո կընդունվեն կադրային որոշումներ: Համենայն դեպս, Իսրայելի ռազմական հետախուզական գործակալության ղեկավար Ահարոն Հալիվան արդեն խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումն իր ղեկավարած կառույցի խոշոր ձախողումն է:
«Այս 11 օրվա ընթացքում ես հետևողականորեն ընդգծել եմ, որ պատերազմի սկիզբը հետախուզական ծառայությունների ձախողումն էր: Մենք ձախողեցինք մեր ամենակարևոր առաքելությունը, և որպես ղեկավար՝ ես եմ կրում ողջ պատասխանատվությունը: Մենք կուսումնասիրենք բոլոր հանգամանքները և կանենք համապատասխան եզրակացություններ: Իսկ հիմա մեր առաջ մեկ խնդիր է՝ պայքարել և հաղթել»,- հայտարարել է գեներալ Հալիվան: