Ադրբեջանի նպատակն է վախի մեջ պահել Հայաստանը, ոչ թե խաղաղության պայմանագիր ստորագրել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Նազարյան. - Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ ինչ-որ պայմանագիր ստորագրելու գործընթացը հնարավորին չափ երկարաձգվի, որովհետև իրենք տիպիկ արևելյան ժողովուրդ են՝ դրա բոլոր բացասական կողմերով: Իրենք ասում են՝ 30 տարի դուք մեզ ստորացրել, ճնշել եք, մենք էլ 30 տարի ձեզ պետք է անընդհատ վախի մեջ պահենք, ստորացրած պահենք: Սա է իրենց խնդիրը, իրենք ո՛չ ուզում են, որ ադրբեջանցիները գան Վարդենիս, ո՛չ ուզում են, այսպես ասած, այդ անկլավները, դա իրենց պետք չի: Եթե մենք հանձնենք, նվիրենք, իհարկե, կվերցնեն, բայց ուզում եմ ասել, դա ուղղակի իրեց համար առիթ է այս պրոցեսը երկարաձգելու համար:
«Ազատություն». - Պատրվակ, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի՞:
Նազարյան. - Այո: Որ ճնշեն, շարունակեն հայերին ստորացնեն, պահեն վախի մեջ ու անորոշության մեջ:
«Ազատություն». - Դա միջազգային հանրությունը կո՞ւլ է տալու:
Նազարյան. - Ոչ, կուլ չի տալու, եթե մենք ճիշտ աշխատենք, կուլ է տալու, եթե մենք շարունակենք ապրել այնպես, ինչպես մինչև հիմա ենք ապրել:
«Ազատություն». - Ասացիք՝ անկլավները, օրինակ, պատրվակ է գործընթացը ձգձգելու, միջանցքն էլ այդ շարքին կդասե՞ք:
Նազարյան. - Իհարկե:
«Ազատություն». - Այսինքն՝ նրանք ուժով չե՞ն գալու բացեն այդ միջանցքը:
Նազարյան. - Ուժով նրանք կգան այն ժամանակ կբացեն, երբ որ կարողանան, բայց իրենք գիտեն, որ եթե փորձ անեն հանկարծ Հայաստանի դեմ ռազմական ուժ կիրառեն, հարյուրապատիկ պատասխան են ստանալու ու շատ ուժեղ պատասխան են ստանալու: Իրենք դա շատ լավ գիտեն: Եթե դա չիմանային, վաղուց այդ պրոցեսներն արած կլինեին: Իրենք գիտեն և զանգեր են ստացել նաև շատ ու շատ երկրներից, որ մտքներովդ չանցնի նոր ավանտյուրա անել, բայց դա կրկին երաշխիք չի, որ չեն անելու: Երաշխիքը մենք ենք, մեր ճիշտ քաղաքականությունը, առաջինը, երկրորդը՝ մեր բանակը: Ունենանք դա, կկանխենք:
«Ազատություն». - Դուք կարծում եք՝ արցախցիների՝ իրենց տներ վերադարձի որևէ իրատեսական հնարավորություն կա՞: Կարծես այս հարցը դառնում է քաղաքական ուժերի առաջիկա հիմնական խոստումը:
Նազարյան. - Հայաստանի, Հայաստանի պետության, իշխանության, բոլոր քաղաքական ուժերի պետք է թիվ մեկ օրակարգային հարցերից մեկը հենց դա լինի, որ արցախցիները, ընդ որում, բոլորը, իրավունք ստանան վերադառնալ իրենց բնակավայրերը, իրավունք ստանան այնտեղ ապրել արժանապատվորեն, հայերեն ապրեն, հայեցի ապրեն ու անվտանգության կատարյալ և ավելի քան 100 տոկոս երաշխավորությամբ: Ամեն դեպքում սա իրական է, թե իրական չի, մեր ձգտումը սա պետք է լինի, և մեր պահանջը աշխարհից ու Ադրբեջանից հենց սա պետք է լինի:
Ներքևում՝ «Ազատությանը» տված հարցազրույցն ամբողջությամբ.