Մատչելիության հղումներ

Արցախի հայաթափումից երկու շաբաթ անց Ադրբեջանն առաջին պաշտոնյան է նշանակել Ստեփանակերտում


Արցախի լիակատար հայաթափումից երկու շաբաթ անց Ադրբեջանի կառավարությունը առաջին պաշտոնյան է նշանակում Ստեփանակերտում։

Բաքվից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք գործուղված առաջին ադրբեջանցի գործիչը ուժային բլոկի ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովն է․ նա այսուհետև Ստեփանակերտի պարետն է։ Բնակչությունից զրկված քաղաքում Սաֆարովի աշխատանքային լիազորությունների շրջանակը Բաքուն դեռ չի բացահայտում։

50-ամյա Սարդար Սաֆարովը նախկինում Ադրբեջանի մայրաքաղաքի ոստիկանության պետի տեղակալն էր։ Թուրքիայի ժանդարմերիայի սպայական դպրոցի շրջանավարտը 1996 թվականից մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանի ոստիկանական համակարգում, այդ թվում՝ աշխատել ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ։

Ստեփանակերտի պարետի նշանակումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի մայրաքաղաք երբևէ կատարած առաջին այցի ֆոնին։

Ալիևը նախազգուշացումներ է արել Հայաստանին

Ադրբեջանի առաջնորդի բնորոշած այդ «պատմական այցի» օրը թերևս պատահական չի ընտրվել։ Իլհամ Ալիևը նույն օրը նշում էր իր հորից՝ Հեյդար Ալիևից իշխանության ժառանգման 20-ամյակը։

Մինչև Արցախի մայրաքաղաք հասնելը Ալիևը նախ Մարտակերտ, Ասկերան, Խոջալու քաղաքներում էր, Սարսանգի ջրամբարում․ վերջին երեք տարիների անխախտ ավանդույթի համաձայն՝ նա հերթով կանգ էր առնում երբեմնի հայաբնակ գյուղերում և քաղաքներում, տեսախցիկների առաջ ծնկի գալիս, համբուրում ադրբեջանական դրոշը, բարձրացնում այն, ապա բռունցքը վեր պարզած բացականչում՝ «կարաբախ բիզիմդիր»։

Ստեփանակերտ նրա այցը ևս նույն սցենարով ուղեկցվեց։ Զինվորական համազգեստով Իլհամ Ալիևը նախ դրոշի ծածանման արարողությունն իրականացրեց, ապա սկսես լուսանկարվել մեկ նախագահական նստավայրում, մեկ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, միջանցքում, պատշգամբում, աշխատասենյակներում։ Ադրբեջանի նախագահական աշխատակազմը տարածել է նաև տեսանյութ, որում Ալիևը Արցախի նախագահական նստավայր է մտնում՝ կոխկրտելով Արցախի դրոշը։

Ադրբեջանի նախագահի վերջին երեք տարվա պաշտոնական պարտականությունների մաս կազմող այս արարողությանն այս անգամ իշխող ընտանիքի անդամները ներկա չէին։

Միայն Իլհամ Ալիևն էր, Ստեփանակերտի դատարկ հրապարակում.․․․

Քաղաքի երբեմնի այս մարդաշատ վայրից, որտեղից հատկապես շրջափակման ինը ամիսներին Արցախի բնակիչներն աշխարհից տարրական իրավունքներ էին պահանջում, աշխարհի կողմից բռնապետ ճանաչված Ադրբեջանի նախագահը երեկ հերթական ռազմատենչ հայտարարություններն էր հնչեցնում։

Նա վիրավորական և հեգնական մեկնաբանություններ էր անում հայերի, մասնավորապես Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին։ Նույնիսկ Հայաստանին, որի հետ ինչպես հավաստիացնում է՝ ուզում է խաղաղություն կնքել, վերջին երեք տարիների պատերազմների մասին էր հիշեցնում և պնդում՝ իր նախազգուշացումներին պետք է ականջալուր լինեն։

«Ադրբեջանի դրոշը ծածանվում է Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.), և դա պետք է նրանց համար դաս լինի։ Նրանք կարծում էին, թե իմ ասածը դատարկ խոսքեր են: Ո՛չ: Այն ամենն, ինչ ասել եմ, իրականացրել եմ, դա բոլորը գիտեն, այդ թվում՝ Հայաստանում, և թող չմոռանան հայրենական պատերազմը և հակաահաբեկչական միջոցառումները։ Եթե Հայաստանում որևէ ուժ դեռ ռևանշի մասին է մտածում, թող ուշադիր նայի այդ կադրերը», - հայտարարել է նա։

Ադրբեջանի առաջնորդը, որը շարունակաբար հերքում է իր ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մեղադրանքները և պնդում է, թե հայերն «իրենք են իրենց կամքով» հեռացել իրենց տներից, մինչդեռ «Բաքուն նրանց խնդրել է մնալ», ստեփանակերտյան իր մոտ կես ժամանոց ելույթում այդպես էլ որևէ խոսք չասաց այդ հարցի վերաբերյալ։ Նա որևէ կերպ չանդրադարձավ Ադրբեջանի կառավարության կողմից լայնորեն գովազդված հայերին ինտեգրելու ծրագրին։

Մինչ այդ Ալիևը Ստեփանակերտից շտապել է Ֆիզուլի, ինչպես հաղորդվում է, մասնակցելու այդ քաղաքում մի շարք ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մարզադահլիճի, բնակելի շենքի հիմնարկեքի արարողություններին։

Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, մինչ օրս բնակություն է հաստատել մոտ 2 հազար մարդ կամ մոտ 600 ընտանիք։

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է առաջիկա երեք տարում այդ թիվը հասցնել 100 հազարի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG