Ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց Արցախը մինչև հունվարի 1-ը լուծարելու հրամանագիրը։ Այս հարցի շուրջ Երևանում գտնվող Շահրամանյանն առ այսօր որևէ պարզաբանում չի տվել։
Մինչդեռ, հրամանագրի ստորագրումից և արցախահայերի բռնի տեղահանումից հետո արցախցի որոշ պաշտոնյաներ փակագծեր են բացում։ Խորհրդարանի իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա լայնածավալ հարձակումից հետո Բաքուն վերջնագիր էր ներկայացրել Արցախի իշխանություններին՝ սպառնալով, որ Ադրբեջանի զինված ուժերը կմտնեն նաև Ստեփանակերտ։
«Հստակ Ադրբեջանի կողմից և՛ հանրային տիրույթում, և՛ փակ ռեժիմով ներկայացվել է այդ պահանջը, որ պետք է ընդունվեն մեր պայմանները, հակառակ դեպքում մենք շարունակելու ենք և մտնելու ենք Ստեփանակերտ, և ես, անկեղծ ասած, տեսնելով՝ ինչ կատարվում է, կարծում եմ, որ այդպես էլ եղել է իրենց ռազմավարությունը», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Բաբայանը Արցախը լուծարելու հրամանագիրը չեղարկելու և կառավարման նոր մարմին ստեղծելու հնարավորություն է տեսնումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ». Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել
«Այլ ելք չկար, ադրբեջանական զինուժը գյուղեր էր գրավում, մարդկանց խոշտանգում». Հունան Թադևոսյան
Արցախի ներքին գործերի նախարարի խոսնակ Հունան Թադևոսյանը ևս «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ այլ ելք չկար, հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար Արցախի իշխանությունները ենթարկվեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմաններին։
«Ես չեմ կարծում, որ բանը հասել է նրան, որ նախագահին զենքի գործադրմամբ վախեցնեն, որ նա ստորագրի։ Տեսեք՝ ինն ամիս Արցախը նախքան այդ ռազմական գործողությունները եղել է շրջափակման մեջ, Արցախում կատարյալ սով էր, վառելիք չկար նույնիսկ, շարժը բոլորս ոտքով էինք կատարում, և շատ ծանր ու դժվար օրեր ենք ապրել։
Ռազմական գործողությունների ընթացքում մի քանի անգամ, եթե կհիշեք, հայկական կողմը՝ արցախյան կողմը, դիմեց, որ դադարեցնեն կրակը, բանակցությունների շուրջ հավաքվենք, որովհետև անընդհատ գյուղեր էին գրավում, անընդհատ զոհեր էինք ունենում, բայց ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել։ Եվ գյուղեր էին գրավում, այնտեղ մնացած մարդկանց էին խոշտանգում, մի խոսքով՝ դա բոլորը գիտեն, և արդեն այլ ելք չկար, քան ստիպված գոնե ունեցածը պահելու համար, մարդկային կյանքը խնայելու համար ենթարկվել ադրբեջանական բարձրացրած խնդիրներին», - նշեց նա։
Արցախի խորհրդարանական ընդդիմությունն առայժմ հրաժարվում է խոսել նախագահ Շահրամանյանի հրամանագրի պատճառների մասին։ Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, թե «ժամանակը կգա, և շատ փակագծեր կբացվեն», այս պահին իրեն իրավունք չի վերապահում որևէ բան ասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ ԼՂ իշխանությունները գնացին Արցախը կազմալուծելու քայլին
Պարզ չէ՝ 2 կետից բաղկացած հրամանագիրը կոնկրետ երբ, որտեղ և ում ներկայությամբ է ստորագրվել
Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի բուն տեքստը նախագահի ստորագրությամբ չի հրապարակվել։ Այն սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տարածեց։ Պարզ չէ, թե 2 կետից բաղկացած այդ փաստաթուղթը կոնկրետ երբ, որտեղ և ում ներկայությամբ է ստորագրվել։
Մինչև հունվարի 1-ը պետական բոլոր հիմնարկները լուծարելուց բացի, հրամանագրի 2-րդ կետում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կոչ էր արվում ծանոթանալ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Ղարաբաղում մնալու կամ վերադառնալու հնարավորությունը ինքնուրույն որոշելու նպատակով։
Արցախը լուծարելու տեքստի հրապարակումից մոտ մեկ շաբաթ առաջ էլ՝ սեպտեմբերի 20 -ին, այսինքն՝ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հենց հաջորդ օրը, Արցախի իշխանությունները մեկ այլ հայտարարություն տարածեցին, տեղեկացնելով, թե «հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը»՝ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Ընդ որում, կրակի դադարեցման 3 կետից բաղկացած պայմանները հրապարկվեցին միայն ռուսերենով, որտեղ նշվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջությամբ զինաթափել և լուծարել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև ռուսական զորակազմի տեղակայման վայրից հանել «Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները»։
Թե ինչպես էր կրակի դադարեցման տեքստում տեղ գտել Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ վիճահարույց ձևակերպումը, Արցախի ղեկավար կազմն այս դրվագին ևս չի անդրադարձել։ Հայաստանի իշխանություները, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը բազմիցս հերքել են Բաքվի մեղադրանքները, թե Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ կան։