Միրզոյանն ու Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձներին համահունչ բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ն փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների և առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը:

Կլաարին երեկ ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Politico․ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից երկու օր առաջ հանդիպել են ԱՄՆ, ԵՄ և ՌԴ դիվանագետները