44-օրյա պատերազմի օրերին գերեվարված Ալյոշա Խոսրովյանից ընտանիքն արդեն երեք ամիս է լուր չունի, Սվետլանա Ղուկասյանը չգիտի՝ ինչու է Ադրբեջանում բանտարկված ամուսինը դադարել նամակներ գրել։ Կարմիր Խաչից բացատրություններ չի կարողանում ստանալ։
«Երեք ամիս առաջ։ Նույնը՝ «ես լավ եմ, դուք լավ եղեք, հույսով սպասեք, որ կգամ», - «Ազատության» հետ զրույցում նշեց կինը։
Դեռ 2021-ին Բաքվի ռազմական դատարանը Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախյան առաջին պատերազմի տարիներին կատարած հանցանքի մեղադրանքով։ Կինը, սակայն, չի հուսալքվել՝ սպասում է, որ ամուսինը մի օր տուն կվերադառնա։
Հույսն ավելի է մեծանում պարբերաբար միջազգային տարբեր կենտրոններից հնչող հայտարարություններից հետո։ Օրերս Գրանադայում ևս Հայաստանի, Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ կոչ արեցին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանությունՌուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ պնդել էր՝ դրա համար այժմ կան հիմքեր՝ առանց հավելյալ մանրամասների։
«Բոլոր դեպքերում, պահվող անձանց նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքները։ Կողմերին կոչ ենք անում ավարտել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մեր կարծիքով, այսօր հիմա դրա համար կան լավ պայմաններ։ Հույս ունենք, որ այս հարցը հաջող ավարտ կունենա», - հայտարարել է Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների փոխանակման հարցը հաջողությամբ կլուծվիԱդրբեջանական բանտերում են նաև Արցախի նախկին ու ներկա ութ պաշտոնյաներ ու զինվորականներ, որոնց Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված կազմավորումների ձևավորում։ Լրատվամիջոցների հետ զրույցում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին ասել է, որ հայրն օրերս զանգահարել է, խոսել մոր հետ։ Դավիթ Վարդանյանի խոսքով՝ հոր համար Ադրբեջանում փաստաբան են վարձել։
«Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Զանգը շատ կարճ է եղել։ Ասել է, որ լավ է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասել է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում», - նշել է Ռուբեն Վարդանյանի որդին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացնում Արցախի նախկին ղեկավարներինԱյս պահին Բաքվի բանտերում առնվազն չորս տասնյակ հայ կա․ հստակ թիվ Հայաստանի իշխանությունները խոստանում են հրապարակել հաջորդ շաբաթ, երբ կպարզվի՝ քանիսն են գերեվարվել սեպտեմբերի 19-ին Ղարաբաղի դեմ հարձակումից հետո։
Չնայած Եվրոպայից և Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ Բաքուն վերջին անգամ մեկ տարի առաջ է 5 հայերի Հայաստան վերադարձրել։ Թեև գարնանը Եվրոպական խորհրդի նախագահը խոսել էր նոր գերիների ազատման մասին, սակայն հայտարարությունը մնացել էր թղթի վրա։ Ավելին, դրանից հետո Ադրբեջանը շարունակեց մարդկանց գերեվարել, ոմանց՝ բանակի համար հաց տեղափոխելիս, ոմանց էլ՝ Հակարիի կամրջի անցակետից։
Մյուս կողմից, Բաքուն Հայաստանում երկու դատապարտյալ ունի՝ Հուսեյն Ախունդովը և Ագշին Բաբիրովը։ Նրանք ապրիլին էին ապօրինի հատել Հայաստանի սահմանը, սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման