Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը հաջողությամբ կավարտվի, այսօր ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Պահվող մարդկանց նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է կիրառվեն հումանիտար իրավունքի նորմերը։ Մենք բազմիս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ կամ եռակողմ ձևաչափով ավարտել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մեր կարծիքով դրա համար շատ լավ պայմաններ են հասունացել։ Հույս ունենք, որ տվյալ հարցը հաջողությամբ կլուծվի»,- այսօրվա բրիֆինգում ասել է Զախարովան։
Ռուսաստանի խաղաղապահների գործունեության մասին նա կրկնել է Մոսկվայի բազմիցս բարձրաձայնած տեսակետը, թե Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո վերջին մեկ տարվա ընթացքում լրջորեն փոխվել են ռուսական խաղաղապահ զորակազմ տարածաշրջան մտցնելու պայմանները, իսկ սեպտեմբերի 19-20-ը, նրա խոսքերով՝ ռազմական բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին խաղաղապահների գործունեությունը ադապտացվելու է։
Նա նշել է, որ ռուսական խաղաղապահների մշտական ու ժամանակավոր մի քանի դիտակետեր արդեն փակվել են։ «Մեր խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը, ինչպես արդեն ասել ենք՝ քննարկվում են Բաքվի հետ», - ասել է Զախարովան։
Տվյալ պահին Ադրբեջանում անազատության մեջ են գտնվում մի քանի տասնյակ հայեր՝ Հայաստանից և Արցախից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները և այլ պաշտոնյաներ։ Հայաստանում ազատազրկված երկու ադրբեջանցի կա, որոնցից մեկը նաև սպանության համար է մեղադրվում։