Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հաղորդել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար պետք է Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ:
«Այսօր մի քանի երկրներ և միջազգային որոշ կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Իմ կարծիքով, այս ուղղությամբ ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, իհարկե, կարող է Վրաստանը լինել», - հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով, եթե Հայաստանը համաձայնի՝ Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես «գալ Վրաստան թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների համար»։
«Հարավային Կովկասում դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել, դրա ժամանակը եկել է», - հայտարարել է Ալիևը և ընդգծել, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կձևավորվի։
«Տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցություն սկսել եռակողմ ձևաչափով: Հիմա եկել է այս պահը, մեծ սխալ կլինի բաց թողնել այս հնարավորությունը», - հավելել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը կարծում է, որ Բաքուն, Թբիլիսին և Երևանը կարող են հաջող եռակողմ համագործակցություն հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և փոխադարձ ներդրումները։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկ անգամ՝ 2022-ի հուլիսին հանդիպել են Թբիլիսիում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը ժամանել է Վրաստան
Տե՛ս նաև այստեղ