Այս պահին Հայաստան եկած ավելի քան 100 հազար արցախցիների 70 տոկոսը մարզերում է տեղավորվել։
Թեև տեղահանության առաջին օրերին շատերը Երևանն էին նախընտրում, բայց այժմ դեպի մարզեր գնալու միտում կա, երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Մարզերում առաջին հերթին բնակարանների վարձակալության գներն են ցածր՝ Երևանի հետ համեմատած։
Պետությունը Հայաստան եկած յուրաքանչյուր արցախցու խոստանում է 50 հազարական դրամ։
«10 հոգանոց ընտանիքը, ում այսօր հանդիպեցի Վանաձորում, փաստացի ամիսը կստանա 500 հազար դրամ։ Եթե նրանք Վանաձորի հարակից որևէ գյուղում տուն վարձեն, մաքսիմում կարող են 100 հազար դրամ վճարել և կստացվի, որ ամեն ամիս 500 հազար դրամ կառավարությունից կստանան աջակցություն, 100 հազարը կվճարեն վարձի համար, որոշակի գումար կոմունալների համար, իսկ մնացած գումարը կմնա ընտանիքի մնացած կարիքների համար», - ասաց Սանոսյանը։
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռուսլան Օհանյանն ասաց՝ իրենց գյուղական բնակավայրեր եկողները քիչ են՝ մտավախություն են ունենում, թե բնակավայրերում դպրոցներն ու մանկապարտեզներն իրենց չեն գոհացնի։ Բայց եկողներից շատերը հաստատվում են։
«Երեք ընտանիք ունենք, որ Գարգառ է եկել, եկել ենք Մարտակետից, այնտեղ զբաղվել են անասնապահությամբ, իրենց շատ դուր եկավ էդ տարածքը, հիմա մենք էլ կփորձենք՝ թե՛ պետության, թե՛ բարեգործական հիմնադրամների հետ, մարդկանց կենդանիներ տրամադրենք, ու մեծ սիրով կապրեն։ Երեխաներին արդեն դպրոցում տեղավորել ենք», - ասաց Օհանյանը։
Կառավարությունը մեկ միլիարդ դրամ է հատկացրել բոլոր մարզպետարաններին՝ արցախցիներին սննդով ու կենցաղային իրերով ապահովելու, հյուրանոցային վճարների կամ անհատ տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Ըստ նախարարի՝ սա արվել է, որ մարզպետարաններն ու համայնքապետարանները կարողանան լուծել բոլոր այն խնդիրները, որոնցով իրենց կդիմեն տեղահանված քաղաքացիները։
«Կա անհրաժեշտ սնունդների ցանկ, դա ամբողջական մեծ բաղադրատոմս է, որի մեջ տարբեր սննդային ապրանքներ են ներառված և հիգիենայի պարագաներ, այդ ցանկով համայնքապետարանները սուպերմարկետներից գնում են և փաթեթներ են պատրաստում, հիմնականում մեկ շաբաթվա համար և յուրաքանչյուր ընտանիքի բաշխում են, որպեսզի մեկ շաբաթ ընտանիքը որևէ կարիք չունենա», - ասաց Սանոսյանը։
Եթե կառավարությունը պնդում է, որ լուծել են Հայաստան ժամանած առնվազն 76 հազար մարդու՝ թե՛ կեցության և թե՛ ամենօրյա կարիքները, այդ դեպքում ինչո՞ւ են սոցիալական ցանցերը ողողված օժանդակություն հայցող գրառումներով, ինչո՞ւ են կազմակերպություններ ու տարբեր անհատներ դիմում քաղաքացիներին՝ այս կամ այն ընտանիքին օգնելու խնդրանքով։
Նախարարը չի համաձայնում պնդումներին, թե օգնության կարիք ունեցող անձինք չունեն բավարար տեղեկություն՝ որտեղից կարող են ստանալ անհրաժեշտ օժանդակությունը։ Պնդում է՝ դեռ Կոռնիձորում Հայաստան մտնող արցախցիներին տեղեկատվական թերթիկներ են տվել՝ համայնքապետարանների համապատասխան հեռախոսահամարներով։
Դեռ արցախցիների տեղահանության առաջին օրերին կառավարությունից հայտարարում էին, որ լիարժեք պատրաստ են իրականացնել բոլոր անհրաժեշտ գործառույթներն առանց կամավորների։
Էլեկտրոնային հարթակներ ստեղծվեցին, որտեղ կամավորներին հորդորում էին գրանցել իրենց կողմից առաջարկվող օգնության տեսակը, ձևն ու վայրը։
Հատկապես Լոռու մարզում բարեգործական ակտիվ ծրագրերով հայտնի «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Մարիամ Անտոնյանն ասում է՝ այդ հարթակների ստեղծումը մեկ քայլ առաջ էր, բայց միևնույնն է՝ համակարգման ու վերահսկողության հետ կապված շատ հարցեր մնացին չլուծված։
«Օրինակ՝ ես կուզենայի իմանալ, թե իմ գործընկերներն ինչեր են անում կամ որ ընտանիքների հետ են աշխատում, որովհետև այստեղ խնդիր կա, որ կարող է բոլորս նույն կետի հետ աշխատենք», - ասաց Անտոնյանը։
Բարեգործություն կամ պարզապես աջակցություն կազմակերպող անհատներով այդպես էլ իրար գլուխ չհավաքվեցին, ասում է Անտոնյանն ու նշում՝ լավ կլիներ, որ պետության կողմից պատվիրակվեին՝ որ ուղղությամբ ներդնեն իրենց ռեսուրսները։
«20 թվականին էլի էսպիսի վիճակ էր, ոչ մեկ չգիտեր, ինչ աներ ու բոլորը մտածեցին, որ սննդի կարիք լինելու է, ու բոլորն իրենց ներուժը դրեցին և սնունդ առան։ Բյուջեն ծախսվեց միայն այդ կետի վրա։ Մի օր մեկին զանգահարեցի, ասեցի՝ «ուզում ենք Ձեզ օգնել», ասեց՝ «խնդրում եմ, սնունդ չտաք», - պատմեց Անտոնյանը՝ նշելով․ - «Իսկ հիմա նկատում եմ, որ բոլորը հապաղում են, այսինքն՝ արագ քայլեր չեն անում, փորձում են հասկանալ՝ որ քայլն անել»։
Այսօրվա դրությամբ Հայաստանի 10 մարզերում 76 հազար մարդ է տեղավորվել, որից 58 հազարն, ըստ պաշտոնական տվյալների, պետության առաջարկած կացարաններում են ժամանակավոր բնակվում։ Ամենաքիչ թվով արցախցիներ բնակություն են հաստատել Շիրակի մարզում՝ մոտ 2 հազար 200 մարդ։ Ամենաշատը Կոտայքի մարզում են՝ 22 հազար արցախցի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն