ԱՄՆ-ը Սիրիայում թուրքական հարվածային անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

ԱՄՆ օդուժի F-16 կործանիչ, արխիվ

Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան զինվորականների տեղակայման վայրից կես կիլոմետր հեռավորության վրա։

Reuters-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ԱԹՍ է ոչնչացնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացիները Սիրիայում թուրքական ԱԹՍ են խոցել

Հինգշաբթի առավոտյան թուրքական դրոնները հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հասակա շրջանի տարածքի վրա, որը սահմանակից է Թուրքիային ու Իրաքին։ Քրդական ներքին անվտանգության ուժերը հայտնել են, որ հարձակումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, օդուժի գեներալ Փաթ Ռայդերը բրիֆինգում ասել է, որ որոշ հարվածներ կատարվել են ԱՄՆ-ի հայտարարած սահմանափակ գործողությունների գոտու տարածքում։ Իսկ մի քանի ժամ անց թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքն ուղղություն է վերցրել դեպի ամերիկացի զինվորականների տեղակայման վայր։ Երբ այն մոտեցել ու գտնվել է կես կիլոմետր հեռավորության վրա, հրամանատարությունն իրավիճակը գնահատել է պոտենցիալ սպառնալիք, ու տասը րոպե անց ամերիկյան F-16 կործանիչը ոչնչացրել է թուրքական ԱԹՍ-ն՝ ինքնապաշտպանական նպատակով։

Գեներալն ասել է, որ ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել, և ընդգծել, թե նշաններ չկան, որ Թուրքիան միտումնավոր թիրախավորել էր ամերիկյան ուժերին։

Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ միջադեպից հետո ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինն ու Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են կատարվածը և համաձայնել, որ թեև ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց ուշադրությանը պետք է կենտրոնացված մնա Սիրայում «Իսլամական պետության» ահաբեկիչներին (ԴԱԵՇ) հաղթելու կարևոր առաքելության վրա։

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայում մնում է բացառապես ԴԱԵՇ-ի ջախջախմանն աջակցելու նպատակով։

«Սա ցավալի միջադեպ է, բայց տեղում ԱՄՆ-ի հրամանատարությունն իրավիճակը իսկապես գնահատել է պոտենցիալ սպառնալիք ու համապատասխան գործողություններ ձեռնարկել։ Սակայն նորից, նախարարը խոսել է իր գործընկերոջ հետ։ Նրանք հնարավորություն են ունեցել արդյունավետ զրույց վարել ու միմյանց հավաստիացնել, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն սերտորեն շփվել ու կոորդինացնել իրենց գործողությունները։ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր և արժեքավոր դաշնակիցն է ու ԱՄՆ-ի գործընկերը, և համագործակցությունը կշարունակվի», - ընդգծել է Պենտագոնի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսթինն ու Գյուլերը քննարկել են Սիրիայում ԱՄՆ կողմից թուրքական անօդաչուի ոչնչացման միջադեպը

Նախարարներից բացի, միջադեպը քննարկել են նաև երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ գործողության ընթացքում իր անօդաչու թռչող սարքերից մեկը կորցրել է տեղում երրորդ կողմի հետ «տեխնիկական տարբեր գնահատումների» պատճառով։

Առանց կոնկրետ երկրի անուն տալու, Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունն ասել է, որ համապատասխան կողմերի հետ աշխատում է՝ տեղում բարելավելու «ոչ-կոնֆլիկտային մեխանիզմների համակարգումը»։

Ամերիկացիների կողմից թուրքական անօդաչուն խոցելու միջադեպից հետո, նույն օրը ուշ երեկոյան Թուրքիան ակտիվացրել է հարվածները Սիրիայի քրդական շրջանների վրա։ Անկարան պնդում է, որ քուրդ զինյալները հրթիռակոծել են թուրքական բազան, ինչի հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։ Թուրքական օդուժի կործանիչներն ի պատասխան հարվածել են քրդերի թաքստոցներին, նրանց կողմից շահագործվող նավթահորերին ու պահեստներին՝ ոչնչացնելով 26 քուրդ զինյալների։

Սիրիայում ԴԱԵՇ-ի դեմ պայքարում քրդական ուժերը վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը, բայց Թուրքիան նրանց ահաբեկիչներ է համարում։

Թուրքիայի նախագահի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունն այսօր X սոցցանցում գրել է, որ Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ՝ որտեղ էլ այն լինի։

«Մենք կշարունակենք պայքարել ահաբեկչության դեմ՝ որտեղ էլ այն լինի։ Մենք այն կմարենք իր իսկ աղբյուրում՝ լինի դա Իրաքի հյուսիսում, Սիրիայի հյուսիսում, կամ ուրիշ այլ վայրում։ Մենք չենք ենթարկվի նրանց սպառնալիքներին և վտանգի տակ չենք դնի մեր անվտանգությունը», - գրել է Ֆահրեթին Ալթունը՝ իր հերթին սպառնալով Թուրքիայի վճռականությունը փորձության ենթարկողներին․ - «Ինչպես հաճախ ասում է մեր նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մի գիշեր մենք կարող ենք հանկարծակի թակել ձեր դուռը»։