Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթրիք Ռայդերը հաստատեց, որ ամերիկյան կործանիչը Սիրիայի երկնքում խոցել և վայր է գցել մի թուրքական անօդաչու:
Նրա փոխանցմամբ, հոկտեմբերի 5-ին Սիրիայում տեղական ժամանակով 07:30-ի սահմաններում ամերիկացիներն արձանագրել են, որ Ալ-Հասաքայի մարզում՝ ամերիկյան ստորաբաժանումների մարտավարական հսկողության գոտում, թուրքական ԱԹՍ-ն հարվածներ է հասցնում թիրախներին՝ ամերիկյան հենակետից 1 կիլոմետր հեռավորության վրա:
«11:30-ին այդ ԱԹՍ-ն նորից է այնտեղ հայտնվել՝ 0.5 կիլոմետր ամերիկյան դիրքից, մեր ուժերը դա սպառնալիք են համարել, և F-16 կործանիչը 11:40-ին ոչնչացրել է անօդաչուն»,- ասել է Ռայդերը:
Բրիգադի գեներալի խոսքով, հիմք չկա ենթադրելու, որ թուրքերը միտումնավոր կրակ են բացել ամերիկյան դիրքի վրա: Ամերիկացիները չեն տուժել:
Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են այդ միջադեպը: