Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն այսօր օրվա առաջին կեսին հաղորդեց, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր պետք է այցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից, սակայն, «Ազատությանը» ասացին՝ այդպիսի պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունեն։ Օրվա ավարտին ևս որևէ քննարկման մասին լուր չկար։
Իսկ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ խաղաղապահներն ապամոնտաժել են Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր տեղակայած դիտակետերը Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում՝ կողմերի նախկին շփման գծի երկայնքով:
Միևնույն ժամանակ հավելել էին. «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակվող փոխգործակցությունը պահպանվում է, այն ուղղված է արյունահեղության կանխմանը և քաղաքացիական բնակչության հանդեպ մարդասիրական օրենքի ապահովմանը»:
Թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, որևէ հստակ թիվ չկա, Ադրբեջանը մինչ օրս պաշտոնապես հայտնել է մոտ 100 մարդու մասին, որոնք դիմել են «վերաինտեգրման ծրագրին», իսկ խաղաղապահների ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքում տեսանյութ կա, թե ինչպես են զինվորականները հաց թխում, ինչպես գրված է «բնակիչներին բաժանելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից պնդում են՝ նորանոր հայեր են դիմում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համարՊաշտոնապես հայտնի է, որ ավելի քան 100 հազար տեղահանված արցախցի եկել է Հայաստան։
«Ազատությունը» հետաքրքրվեց նաև Արտգործնախարարությունից, թե արդյո՞ք դիվանագիտական խողովակներով հնարվոր է տեղեկություն ստացել են, թե ինչո՞ւ են խաղաղապահներն ապամոնտաժում իրենց դիտակետերը մի քանի շրջաններում, հնարավո՞ր է հեռանալու մտադրություն ունեն։ ԱԳՆ խոսնակը հարցը չմեկնաբանեց՝ նշելով, որ դրա հասցեատերը Երևանը չէ։
Մինչ այդ Մոսկվայից խաղաղապահների ճակատագրի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են եղել։ երեկ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, թե «ռուսական խաղաղապահ զորախումբն այլևս որևէ մեկին չունի պաշտպանելու, ինչը հարված է տարածաշրջանում ռուսական դիրքերին»։ Իսկ նախօրեին ռուսական Արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան ակնարկել էր, որ խաղաղապահները հեռանալու մտադրություն չունեն, իսկ հարցը քննարկվելու է Բաքվի հետ։
«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալ, ինչպես նրանք են ասում՝ եթե դրա համար պայմաններ ստեղծվեն ու իրենց անվտանգությունը երաշխավորվի։ Այդ դեպքում Ռուսաստանը կաջակցի գործընթացներին՝ ադրբեջանական կողմի հետ շփումներում», - ասել է Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան շարունակում է քննադատել ԵրևանինՄոտ 2000 անձնակազմով խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ հինգ տարի ժամկետով, որը լրանում է 2025-ին։
Եթե խաղաղապահները մինչև այդ ժամկետը հեռանան Արցախից արդյո՞ք արդեն վերջնական չի վերանա անվտանգության երաշխիքներ ստանալու ու Արցախ վերադառնալու հնարավորությունը: Հարցն ուղղել ենք Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարներից մեկին, որը չցանկացավ հրապարակավ հանդես գալ, սակայն նշեց, որ «ռուս Խաղաղապահների ներկայությունը էական նշանակություն չունի Արցախի ժողովրդի որոշման վերաբերյալ՝ վերադառնալ թե չվերադառնալ»։
«Պետք է լինեն լուրջ միջազգային երաշխիքներ ի լրումն կամ առանց ռուս խաղաղապահների։ Եթե դիտարկենք միջազգային փորձի տրամաբանությամբ, ռուս խաղաղապահները իրականում դիտորդներ էին, քանի որ ասում էին, որ իրավունք չունեն ուժ կիրառելու և միայն հումանիտար գործողություններ էին անում։ Ռուս խաղաղապահները կախված են ՌԴ-ի և Ադրբեջանի քաղաքական կամքից, իսկ միջազգային մանդատով խաղաղապահները չպետք է կախված լինեն մեկ կամ մի քանի երկրների աշխարհագրական շահերից, պետք է ունենան ուժ կիրառելու հնարվորություն, այդ դեպքում մարդկանց մի զգալի մասը կարող է վերադառնալ Արցախ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին պետնարարարներից մեկը։
Առայժմ Արցախ միջազգային մանդատով խաղաղապահներ ուղարկելու մասին որևէ խոսակցություն չկա, հայտնի չէ նաև ռուս խաղաղապահները մնալու են մինչև 2025 կամ դրանից հետո, թե՝ ոչ։