Պաշտոնական Մոսկվան այսօր կրկին քննադատել է Երևանին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու համար և ընդգծել, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ «Երևանի կողմից մենք ավելի հաճախ ենք տեսնում ցուցադրական քայլեր, որոնք ուղղված են օտարումը Ռուսաստանից ի ցույց դնելուն», - ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Պատմությունը, վստահ եմ, ամեն ինչ իր տեղը կդնի։ Յոթ սարերից այն կողմ հովանավորների փնտրտուքը և ինչ-որ մեկին դուր գալու ցանկությունը չեն կարող ջնջել առանձնահատուկ պատմական բարեկամությունն ու փոխըմբռնումը Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև», - նշել է Ռյաբկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, թե այդ քայլն անհետևանք չի մնա, առանց հավելյալ մանրամասների։
Գյումրիի ռուսական ռազմաբազայի հարցում կարևորը փաստաթղթերն են․ Զախարովա
Այս իրավիճակում կմնա՞ արդյոք ռուսական ռազմաբազան Հայաստանում, այսօր հարցրել է թուրք լրագրողներից մեկը Ռուսաստանի արտգործնախարարության ասուլիսում։ Միջպետական համաձայնագրով Գյումրիի ռազմակայանը հայ-թուրքական սահմանին է տեղակայվել մինչև 2044 թվականը։
Կարևորն այս հարցում փաստաթղթերն են, արձագանքել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալ»
Թեև Ղարաբաղը գրեթե հայաթափվել է, Մոսկվան ակնարկում է, թե այնտեղից ևս ռուս խաղաղապահներին հանելու մտադրություն չունի և մտադիր է հարցն Ադրբեջանի հետ քննարկել։
«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալ, ինչպես նրանք են ասում՝ եթե դրա համար պայմաններ ստեղծվեն ու իրենց անվտանգությունը երաշխավորվի։ Այդ դեպքում Ռուսաստանը կաջակցի գործընթացներին՝ ադրբեջանական կողմի հետ շփումներում», - ասել է Զախարովան։
Թե ինչպես և ումից է Մոսկվան ստանում այդ տեղեկությունները, Զախարովան չի հստակեցրել։ Փոխարենը, կրկնել է, թե ստեղծված իրավիճակի համար Հայաստանի իշխանություններն են մեղավոր, որոնք հավատացել են Արևմուտքի խոստումներին և ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։
«Եվրամիությունում լռելյայն ու կողքից հետևում էին՝ ինչպես են ռուս խաղաղապահները բանակցում հրադադար հաստատելու հարցով, չմտածելով անգամ ինչ-որ կերպ գործնական առումով օգնել, նույն կերպ լռելյայն հետևում էին, թե ինչպես են խաղաղապահները կազմակերպում հումանիտար առաքելության ներմուծումը Լաչինի միջանցքը բացելուց հետո․․․ ու զուգահեռ՝ հեքիաթներ պատմում Հայաստանի քաղաքացիներին, թե իբր Ռուսաստանը նրանց դավաճանել է։ Բայց իրականում Եվրամիությունն է համոզել Հայաստանին ետ կանգնել այն պայմանավորվածություններից, որ ձեռք էին բերվել Մոսկվայի օգնությամբ, և դրանով իսկ դավաճանել հայերին», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Բրյուսելը, մինչդեռ, պնդում է, թե կատարվածին մեղսակից է նաև Մոսկվան։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է՝ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հենց ռուս խաղաղապահներն էին հանձնառու երաշխավորել արցախցիների անվտանգությունն ու Լաչինի միջանցքի անխոչընդոտ կապը Հայաստանի հետ։
«Սխալ հասցեով եք դիմում, նրանք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն»
Այսօրվա ճեպազրույցում հայ լրագրողներից մեկը նաև ուղիղ հարց տվեց՝ արդյոք Մոսկվան ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է Բաքվի բանտերում հայտնված Արցախի նախկին նախագահներին և բարձաստիճան պաշտոնյաներին ազատելու համար։
«Սխալ հասցեով եք դիմում, նրանք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, նրանցից ոմանք էլ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել են։ Եվ ընդհանրապես, Մոսկվային այս հարցով ոչ ոք չի դիմել», - ասել է Մարիա Զախարովան։
Ի դեպ, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Զախարովան հայտարարել է՝ տեսնենք՝ ինչ կլինի Գրանադայում, առանց այդ հարթակը քննադատելու։ Ժամեր անց հաղորդվեց, որ Ադրբեջանի առաջնորդը հրաժարվել է Եվրամիության նախաձեռնությամբ կազմակերպվող այդ հանդիպումից։