Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը Թուրքիայից16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել՝ ատոմակայանը փակելու միջոցներ ձեռնարկելու համար։
Տեքստում նշվում է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը լրանալու պատճառով, այն կարող է իրենից վտանգ ներկայացնել։
Խորհրդարանական հանձնաժողովը պատասխանել է, որ Իգդիր քաղաքի համար ճառագայթային արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր ու նման սցենարի դեպքում գործողությունների սկզբունքներ են մշակվել։
Թուրքիայի արտգործնախարարությունն էլ պատասխան միջնորդությամբ ընդգծել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և Եվրամիությունը «որոշել են, որ կայանի անվտանգության կարգավիճակը չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական չափանիշներին և որ գործակալությունը շարունակում է աշխատանքները անվտանգության թերությունները շտկելու ուղղությամբ: ԱԷՄԳ-ի աշխատակիցները պարբերաբար այցելություններ և ստուգումներ են իրականացնում Հայաստանում և կազմվում է մանրամասն հաշվետվություն»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անցյալ տարեվերջին էր Երևանում։ Նա այցելեց Մեծամորի Ատոմակայան։ Այցից հետո Գրոսսին հայտարարեց․ - «Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։
Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար։
Անդրադառնալով միջազգային հարթակներում Մեծամորի ատոմակայանը փակելու Բաքվի պահանջին՝ Գրոսսին հայտարարել էր․ - «Ես գիտեմ, որ անցյալում նման բաներ հայտարարվել են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միշտ ասել է, որ միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդպես չի լինի։ Եվ ես դա շատ հստակ եմ ասել», - նշել էր ԱԷՄԳ տնօրենը։
Իսկ այս տարվա մարտին Գրոսսին Բաքվում հայտարարեց՝ Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման միջոցներ են ձեռնարկվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսի. «Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման միջոցներ են ձեռնարկվում»