ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է ԱՄՆ-ին անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ
չի հստակեցվել, որ այն հարձակողական գործողություններ չի ձեռնարկի հայերի դեմ։
Փիթերսը օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի վրա Բաքվի շարունակվող հարձակումների:
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ սենատորը Հայաստանում էր, նա այցելեց հայ-ադրբեջանական սահման, եղավ Լաչինի միջանցքում։
«Ադրբեջանի կառավարությունը հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար», - ասել է սենատորը՝ շարունակելով․ - «Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին։ Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը՝ արգելափակելու ամերիկյան լրացուցիչ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»։
Փիթերսը նաև միացել է օրենսդիրների խմբին, որ կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և ԱՄՆ Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, ես աջակցում եմ պատժամիջոցների նախագծերին. ԱՄՆ սենատոր