Ամենաբարդ գործոնն անորոշությունն է
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին այսօր այսպես է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից Գորիս հասնող հայերի վիճակը. «Նրանք ինն ամիս ապրել են շրջափակման պայմաններում: Եվ հիմա հասել են այստեղ՝ լցված անհանգստությամբ ու վախով, և նրանք պատասխաններ են պահանջում»:
Իսկապես, չափազանց կարևոր հարցերի պատասխանները չկան: Սրանցից առանձնացնենք երկուսը. առաջին՝ ինչպե՞ս է Ադրբեջանը պատկերացնում Ղարաբաղի հայերի վերաինտեգրումը, և երկրորդ՝ միջազգային ի՞նչ ձևաչափով և լիազորություններով կարող է դիտորդական առաքելություն մեկնել Լեռնային Ղարաբաղ: Գոնե այս պահին այդ ամենի վերաբերյալ հստակ պատկերացում չկա:
Որ ծրագրով կդասավանդեն «Պատմություն» առարկան
Նախ վերաինտեգրման մասին: Բաքուն հավատացնում է, թե Ղարաբաղից հեռացող հայերին կոչ է անում մնալ և վերաինտեգրվել: Իբր, նրանց կտրվեն այն ազատություններն ու իրավունքները, որոնք վայելում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի:
Նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանում գումարված Քաղաքաշինության երկրորդ համաժողովում հավաստիացրել է, որ «հայերն ազատ և պաշտպանված կլինեն Ադրբեջանում»:
Վերջին օրերին խոսելով վերաինտեգրման մասին` Բաքվում ասում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է նախ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, գրանցվեն, ինչից հետո պատկան ծառայությունները կսկսեն հստակեցնել կարիքները:
Խոստանում են ապահովել մշակութային, կրոնական, կրթական իրավունքները և ակնարկում մունիցիպալ իրավունքների՝ ասել է թե տեղական իշխանության մարմիններում ընդգրկվելու հնարավորության մասին:
Բայց ավելի կոնկրետ տեղեկություն չկա: Օրինակ, կպահպանվե՞ն հայկական դպրոցները, ո՞ր ծրագրերով ու դասագրքերով կիրականացվի կրթական գործընթացը: Առավել վիճահարույց առարկան, իհարկե, պատմությունն է լինելու:
Ադրբեջանական դասագրքերում հայերը ներկայացվում են որպես նենգ ու չար մարդիկ: Հայկական դասագրքերում ադրբեջանցիներին հրեշտակի կերպարով չեն ներկայացնում, բայց գոնե ակնհայտ մարդատյաց քարոզ չկա:
Իսկ եկեղեցի՞ն: Չէ՞ որ փորձելով ջնջել հայկական որևէ գործոն, Ադրբեջանում պնդում են, թե Ղարաբաղում հայկական եկեղեցիներն, իբր, ալբանական են:
Փաստենք, որ վերաինտեգրման թեմայով ընդհանուր հայտարարություններից և խոստումներից այն կողմ ոչ մի ինֆորմացիա չկա:
Բաքուն վերջապես համաձայնեց դիտորդների այցին
Երկրորդ անհասկանալի հանգամանքը միջազգային առաքելությունն է, որը պետք է կարգավորի հումանիտար խնդիրները: Դրա մասին էլ բոլորն են խոսում:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը երեկ հավաստիացրել է, որ դա առաջնային հարց է:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին: Մարդասիրական բաղադրիչն առաջին տեղում է, դա ամենակարևորն է: Մեր խաղաղապահներն օգնում են մարդկանց: Շատերը որոշել են տեղափոխվել Հայաստան, յուրաքանչյուրն օգնություն է ստանում»,- ասել է Պեսկովը:
Միջազգային համայնքը պահանջում է Բաքվից արտոնել դիտորդների և լրագրողների մուտքը: Բաքուն անվերջ պնդում է, թե դրա կարիքը չկա, դա ներքին գործ է: Եվ ահա արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրում են այցելել Լեռնային Ղարաբաղ։
Դա տեղի կունենա առաջիկա օրերին: Հավանաբար, այդ ժամանակ Ղարաբաղում նվազագույն թվով հայեր կմնան:
Աղետների արձագանքման թիմ
ԱՄՆ մարդասիրական արձագանքը համակարգելու համար Հարավային Կովկասում կտեղակայվի Աղետների արձագանքման թիմը: Այդ մասին նախօրեին հայտնել է պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նա չի պատասխանել լրագրողների ճշտող հարցերին, թե այնուամենայնիվ կոնկրետ ուր, երբ և ովքեր կմեկնեն, նշելով, որ հիմա այդ հարցերը քննարկման փուլում են, և ավելացնելով, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն Վաշինգտոնի համար:
Այդ թիմն, ըստ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի, պետք է գնահատի իրավիճակը, որոշի օգնության ծավալը և աշխատի գործընկերների հետ՝ հրատապ օգնությունը ցուցաբերելու համար։
ՄԱԿ-ը սատարում է Հայաստանին
Օգնությանն է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակիչներին և անխտիր հարգել մարդասիրական և փախստականների մասին միջազգային օրենքները»,- ասել է Դյուժարիկը:
Գրասենյակը կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն քաղաքացիական բնակիչների հետագա տեղահանումներին: Գրասենյակը կոչ է անում երաշխավորել տեղահանվածների պաշտպանությունը, անվտանգությունը և մարդու իրավունքները:
Դյուժարիկի խոսքով՝ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ահազանգում է խնդիրների մասին՝ ջերմաստիճանն իջնում է, կացարանների թիվը բավարար չէ, անհապաղ օգնության կարիքը մեծ է:
Տեղահանվածների շրջանում կան ընտանիքներից անջատված երեխաներ
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
«Մեզ համար գլխավոր մտահոգությունն այն է, որ երեխաներից շատերն անջատվել են իրենց ընտանիքներից»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիսիսը:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և Կարմիր մահիկի միջազգային միությունների ներկայացուցիչ Հիչամ Դիաբն ասել է, որ այժմ կա այդ փախստականներին հոգեկան առողջության աջակցություն տրամադրելու հսկայական պահանջ: