Այսօր ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով Հայաստանի բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն, փոխանցում է նախարարությունը՝ նշելով՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձանց տեղափոխումը այս պահին էլ շարունակվում է:
Ավելի ուշ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում Լեռնային Ղարաբաղից Հայաստան։
Ռուսաստանի խաղաղապահների տելեգրամյան էջում էլ նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիան16 թռիչք է իրականացրել և պայթյունից տուժած 142 արցախցիների Ստեփանակերտից տեղափոխել Հայաստան։
Հայաստանից բժիշկների առաջին թիմը երեկ առավոտյան ուղղաթիռով մեկնեց Արցախ։ Շտապօգնության մեծ բրիգադ էլ Հայաստանից Կոռնիձորով ուղևորվեց Լեռնային Ղարաբաղ։ Երեկ օրվա ավարտին հաղորդվեց, որ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 290 անձանցից 168-ն արդեն տեղափոխվել են Հայաստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժածների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ծայրահեղ ծանր․ Ավանեսյան