Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու Վաշինգտոնի առաջարկը հստակ չէ, և նման քայլը հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ, այսօր հայտարարել է Կրեմլը՝ արձագանքելով Արցախում դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է լինի միջազգային առաքելություն, որը տեղում կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»․ Միլլեր«Մենք այստեղ հստակություն չենք տեսնում, բացի այդ՝ ցանկացած առաքելություն կարող է տեղակայվել միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Մենք կշարունակենք մեր շփումները Երևանի և Բաքվի, ինչպես նաև Ղարաբաղի էթնիկ հայերի հետ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ»Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս պահին Ռուսաստանը դե ֆակտո ներգրավված է Ղարաբաղի շուրջ բանակցություններում՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը , ըստ նրա, քայլեր է ձեռնարկում միայն խոսքով։
Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, կոչ էր արել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ու զորախումբ տեղակայել Ղարաբաղում։ Առայժմ Անվտանգության խորհուրդը հրապարակային այդ կոչին չի արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ-ում. «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել»ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, երեկ ասել է, որ Վաշինգտոնը ևս տեսնում է նման անհրաժեշտություն։ «Ռուսաստանը ցույց տվեց, որ անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել», - նշել է ամերիկացի դիվանագետը։
Թեև Ղարաբաղից հայերի հոսքը Հայաստան չի դադարում, Մոսկվան շարունակում է խոսել այնտեղ ռուս խաղաղապահների անհրաժեշտության մասին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, հայտարարել է, թե շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Չնայած արցախցիների ահազանգերին, որ տեղում քաոս է տիրում, Մոսկվան հայտարարում է՝ խաղաղապահները լայնածավալ մարդասիրական աջակցություն են ցուցաբերում հայ բնակչությանը։ Վերջին տվյալներով՝ խաղաղապահների ճամբարում այս պահին պահվում է մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են։
Բացի այդ, այսօր Կրեմլը խոսել է Հայաստանի տնտեսությանը ցուցաբերվող աջակցության մասին․ - «Դժվար է որևէ բան համեմատել Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ։ Եկեք չմոռանանք բնական ռեսուրսների մատակարարման բավական արտոնյալ պայմանները, օգնությունը, որ տրամադրում է Ռուսաստանը։ Դա շատ էական ներդրում է Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացման հարցում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել, ուստի դժվար է համեմատել մեր փոխգործակցությունը ամերիկացիների ներգրավման հետ»։
Երեկ Մոսկվան Գրանադայում մի քանի օրից կայանալիք Ալիև - Փաշինյան հանդիպումը մեկնաբանելիս հայտարարել էր, թե պետք չէ հույս դնել երրորդ ուժերի վրա, որոնք տարածքային հակամարտությունները կարգավորելու փորձ ու ներուժ չունեն։ Այսօր էլ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը կրկին շեշտել է, թե հուսով է՝ կվերսկվեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ եռակողմ բանակցությունները։
Հայաստանի հասցեին կոշտ հայտարարությունների հետ մեկտեղ Մոսկվան կրկնում է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, որ Կրեմլը շարունակում է շփումները Փաշինյանի հետ: Այս օրերին էլ Երևանում էր Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, որը հանդիպել է ոչ միայն հայ պաշտոնակցի, այլև վարչապետ Փաշինյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների միջև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարինԿրեմլի խոսնակն ասել է, թե այդ այցը վաղուց էր նախատեսված և անցել է բնականոն պայմաններում․ - «Ներքին գործերի նախարարն իր այցերն իրականացնում է ըստ միջազգային հանդիպումների ժամանակացույցի, որը հաստատվում է նախապես։ Դա ծրագրված այց էր, շատ նորմալ է, որ այն կայացել է»։
Նախօրեին Կոլոկոլցևը ժամանել էր Երևան՝ մասնակցելու Հայաստանի ՆԳՆ միացյալ կոլեգիայի նիստին։ Այցի ընթացքում նա հանդիպել է Փաշինյանի հետ, քննարկվել է երկու երկրների անվտանգության ուժերի համագործակցությունը։ ՌԴ ներքին գործերի նախարարն ի թիվս այլ բաների ասել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։
Թեև Մոսկվան, այդ թվում՝ պաշտոնական, այս օրերին անդադար խոսում է այն մասին, թե Հայաստանի ղեկավարությունը փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը և շրջվում է Ռուսաստանից, Փաշինյանն ու նրա քաղաքական դաշնակիցները մինչ այժմ չեն ազդարարել ՀԱՊԿ-ից կամ Ռուսաստանի գլխավորած այլ դաշինքներից Հայաստանը դուրս բերելու ծրագրեր։ Նրանք նաև չեն նշել որևէ այլընտրանքային աշխարհաքաղաքական պայմանավորվածություններ, որոնք, իրենց կարծիքով, կարող են պաշտպանել Հայաստանի սահմանները։