«Ըստ ականատեսների՝ հարյուր մարդ ամբողջությամբ մոխրացել է»․ ի՞նչն է ողբերգական պայթյունի պատճառը

Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հաղորդվել: Հայտնի է, որ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 290 մարդ։ 7 տուժած մահացել է հիվանդանոցում, կա 13 չճանաչված մարմին։

«Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են»,- հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ առանց հստակեցնելու, թե խոսքը կոնկրետ քանի մարդու մասին է։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մինչդեռ երեկ խոսել է բազմաթիվ ականատեսների հետ և նրանց հղում անելով նշում է, որ կրակից մոտ 100 մարդ մոխրացել է։ Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։

«Հաշվի առեք, որ մեծ մասշտաբի պայթյուն և հրդեհ է եղել, ինչքան հասկանում եմ տարբեր տվյալների պատմելուց՝ տասնյակ տոննաներ բենզինի մասին է խոսքը՝ մի քանի խոշոր տարաներում՝ իրար կողք գտնվող», - հայտնեց Բեգլարյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ հստակ տվյալներ կա՞ն, թե քանի մարդ է եղել այդ հերթերում, 290-ը հիվանդանոց է տեղափոխվել՝ տարբեր այրվածքներով, Արտակ Բեգլարյանը պատասխանեց. - «Չէ, չունեք, բայց ականատեսներն ասում են՝ հարյուրավոր, նույնիսկ ականատես կար, որ ինձ ասում էր՝ հազարից ավելի։ Պաշտոնական մարմինները պետք է շատ արագ հաշվառեն անհետ կորածներին՝ հարազատների ահազանգերի հիման վրա, ըստ դրա կողմնորոշվեն, թե քանի հոգի պոտենցիալ մահացած կլինի, որովհետև, ըստ մասնագետների, բժիշկների հետ էլ եմ խոսել էդ թեմայով, այնտեղից նույնիսկ մարմնի մնացորդներ հնարավոր չէ գտնել, ամբողջությամբ մոխրացել են կրակի մեջ, իսկ դա նշանակում է, որ որևէ ձևով հնարավոր չէ ոչ քանակ իմանալ, ոչ էլ նույնականացնել մարդկանց»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Որտեղ կուզեն ուղարկեն, միայն թե հայ-ադրբեջանական սահմանից հեռու»․ Արցախից մարդկանց հոսքը շարունակվում է

Երեկ տեղի ունեցած պայթյունից հարյուրավոր մարդիկ են տուժել այն պատճառով, որ վառելիք ստանալու նպատակով Արցախում երկար հերթեր են գոյացել։ Ադրբեջանի ռազմական հարձակումից տուժած ու անօգնական վիճակում հայտնված մարդիկ ժամերով հերթ են կանգնում՝ փորձելով բենզին հայթայթել, իրենց հայրենիքը արագ լքելու և Հայաստան տեղափոխվելու նպատակով։

Թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը միանշանակ ասել չի կարող։ Նրա խոսքով՝ «ըստ երևույթին տեղի է ունեցել անփութություն, հստակ պատասխան տալու համար պետք է հետաքննություն կատարվի»։

Արդյո՞ք բացառվում է ահաբեկչության հնարավորությունը, Արցախի նախագահի խորհրդականն ասաց, որ մասնագետները պետք է այդ հարցին պատասխանեն:

«Հիմա տեղում մարդիկ կան, պատմում են, որ անփութություն է եղել, բայց պետք է հետաքննություն լինի, մենք արդյո՞ք ի վիճակի ենք դա անել, հազար ու մի խնդիր կա», - նշեց Բաբայանը:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես պայթյունի հավանական տարբերակ է համարում անփութությունն ու անկառավարելիությունը. - «Բնականաբար, չի կարելի բացառել նաև հնարավոր այլ տարբերակներ՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ»։

Պայթյունից ծանր այրվածքներ ստացած արցախցիներին ողջ օրվա ընթացքում տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Մինչ այդ տուժածներին առաջին օգնությունն են տրամադրել Ստեփանակերտի 2 բուժհաստատություններում և Իվանյանի ու ռուս խաղաղապահների բուժկենտրոններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պիտի հասցնենք մինչև երեկո վիրավորների տեղափոխումներն իրականացնել. առողջապահության նախարար

9 ամսվա բլոկադայից, ապա Ադրբեջանի սեպտեմբերի 19 -ի հարձակումից հետո, Ստեփանակերտի հիվանդանոցները չափազանց ծանր պայմաններում են աշխատում, ոչ միայն դեղորայքի, ալև մասնագետների պակաս կա։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ բժիշկների մի մասն արդեն լքել է Արցախը։

Քաոսային այս իրավիճակում բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդակայանում՝ Արցախից դուրս գալու հույսով։ Արցախցի մի կին, որ անվտանգության նկատառումներով խնդրեց չհրապարակել ոչ անունը և ոչ էլ տեղանքը, մեր զրույցի պահին հաց էր թխում, որ տանի օդակայանում ապաստանած սոված երեխաներին։

«Անտերության մատնված են էրեխեքը՝ տկլոր, սոված, արդեն 10 օր է..., երեկվա պայթյունը ավելի է վատացրել վիճակը, դա նկարագրելու չէ, անձրևն էլ գիշերը եկել, էդ երեխեքին լրիվ թրջել է։ Չեմ հասկանում ո՞նց են փրկվելու էս ամեն ինչից, շարասյունն էլ անծայրածիր է, չգիտեմ երբ կկարողանան դուրս գալ», - պատմում էր հուսահատ կինը։

«Արցախը ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրինք». Մեծ Շենը նույնպես դատարկվել է

Արցախի շրջաններից ու գյուղերից տարհանումը շարունակվում է, Մեծ Շենն արդեն ամբողջությամբ դատարկվել է։ Համայնքի 80 բնակիչները դուրս են եկել իրենց տներից։ Համայնքապետ Դավիդ Դավիդյանն ասում է՝ վերջինը երեկ ինքն է լքել հայրենի գյուղը։

«Տուն-տեղ թողել ենք, մի ավտոյով դուրս եկել, անասուն, մեղուներ, ապրուստ, բոլորը թողել ենք... Սա վերջն է, Արցախը ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրեցինք, ծախեցինք, դավաճանեցինք, մայր Հայաստանը իր ձագուկին դավաճանեց, նույնիսկ կենդանական աշխարհում նման բան չկա։ Արցախի մասին միայն պատմության դասագրքերում կկարդաք։ Սպասեք հաջորդը Սյունիքն է», - նշեց համայնքապետը։

Եղցահողը նույնպես ամբողջությամբ դատարկված է. «մարդ կա մաշիկներով է դուրս եկել»

Եղցահողը նույնպես ամբողջությամբ դատարկված է։ 150 բնակիչները արդեն լքել են գյուղը։ Համայնքապետ Արտակ Հակոբյանը, որն արդեն ապաստանել է Աբովյան քաղաքում, պատմում է , որ գյուղը ադրբեջանական հարձակումից լրիվ գետնին է հավասարվել։

«Մարդիկ չկարողացան բացարձակ ոչինչ իրենց հետ վերցնել, նույնիսկ մարդ կար մաշիկներով է դուրս եկել, գյուղը էնպիսի վիճակում էր... էս պահին ո՛չ մի հատ տուն կա, ո՛չ փողոց կա, ո՛չ դպրոց, ո՛չ համայնքապետարան։ Ամեն տան վրա 10 արկ է ընկել։ Զինադադարը կնքված էր, բայց մեր գյուղը դեռ 24 ժամ ռմբակոծվում էր։ Ռուս խաղաղապահներն ասում էին՝ մենք հրաման չունենք ձեզ օգնելու», - պատմեց Հակոբյանը։