Արցախից տեղահանվածների առաջին խումբը՝ Հայաստանում

Ադրբեջանական հարձակումից 5 օր անց, Արցախում թողնելով տուն ու տեղ, տեղահանվածների առաջին խումբը հասավ Հայաստան՝ հատելով Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը։ Ժամը 18-ի դրությամբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել մոտ 400 մարդ։

«Ազատության» Սյունիքի թղթակցի փոխանցմամբ՝ տարհանվածները Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի բնակիչներ են։ Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոնում կկազմակերպեն նրանց կեցության հարցերը։ Կառավարությունից տեղեկացնում են, որ այժմ իրականացվում է առաջնային հաշվառում, գնահատվում են նրանց կարիքները։

«Մեքենաներում ենք քնել։ Մեծ Շեն գյուղից ենք, գալիս են, լրիվ դուրս են եկել», - ասացին նրանք։

Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 8 հազար քաղաքացի է տեղահանվել ադրբեջանական հարձակման հետևանքով։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են՝ պատրաստ են դիմավորել ու տեղավորել նրանց։ Օրեր առաջ արցախցիների տեղափոխումը Հայաստանի պլան «Գ»-ն էր։ Այսօրվա իր ուղերձում արդեն վարչապետը հայտարարեց՝ եթե իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը մեծ է, որ Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոցը կհամարեն հայրենիքից հեռանալը, իսկ իրադարձությունների նման զարգացման պարագայում պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի «էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի վրա»։

«Իհարկե, Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա: Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անորոշ ու վտանգավոր ապագայի հեռանկարն է արցախցիներին ստիպում կապել ճամպրուկները, փակել տան դռներն ու հեռանալ հայրենիքից։ Մեկը իրերն է հավաքում՝ գյուղից հասնելու Ստեփանակերտ, մյուսն էլ Ստեփանակերտի կյանքն է մտադիր թողնել, որ չմնան ու ապրեն Ադրբեջանի տիրապետության տակ։

«Դեռ տեղափոխվում ենք Ստեփանակերտ՝ տեսնենք՝ ինչ է որոշվում։ Դեռ անորոշություն ա, սպասենք, տեսնենք՝ ինչ է որոշվում», - ասաց քաղաքացիներից մեկը։

Անզեն աչքով երևում են ադրբեջանցիները, սիրելի քաղաքով քայլելն արդեն վտանգավոր է, պատմում է ստեփանակերտցի կինը. - «Ես մեր տանը կանգնած եմ, վերևի թաղում իրենք են, չափից շատ են»։

Արցախում դեռ լույս չկա, գիշերում են նկուղներում, պատմում է ողջ գիշեր տեղահանվածներ հայրենակիցների համար հաց թխած կինը, որ երեխաներին հոր մոտ է թողել, ինքն էլ մարտկոցներով աշխատող հացի փռում մնացել։ Փոխանցեց, որ իրենց էլ առաջիկա օրերին կտեղափոխեն Հայաստան։

24 ժամ տևած ռազմական գործողություններից հինգ օր անց էլ հստակ չէ զոհերի ու վիրավորների թիվը։ Վերջին անգամ հաղորդվել է 200 զոհի ու 400 վիրավորի մասին։ Հայտնի չէ, թե նաև քանի մարդ է անհետ կորած համարվում։

Պաշտոնական Ստեփանակերտը երեկ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ արդեն սկսվել է բանակի կազմալուծումը, զուգահեռ մարտական դիրքերից դուրս են բերվում բանակի ուժերը, ընթանում են զոհերի ու անհետ կորածների որոնողական աշխատանքներ, նաև Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական խորհրդակցություններ են կազմակերպվում։ Թե ինչ խորհրդակցություններ են, պարզ չէ, հայտնի է միայն, որ Եվլախի հանդիպումից հետո Ստեփանակերտի ու Բաքվի միջև էլի շփում է եղել։

«Այսօր մեր ուղեկցությամբ 23 շտապօգնության մեքենաներ Լաչինից միջանցքով տեղափոխվել են այստեղ, որպեսզի նույն քանակի վիրավորներ տեղափոխեն հետ ՀՀ», - հայտնեց ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

Այսօր ադրբեջանական անցակետը հատեցին նաև 23 ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաները։ Վիրավորները Գորիսի հիվանդանոցից Երևան են տեղափոխվում։ Էթերի Մուսայելյանի խոսքով՝ եթե կողմերը որոշեն, իրենք պատրաստ են էլի վիրավորների տեղափոխել Երևան։

Կարմի խաչի միջագային կոմիտեն ու ռուս խաղաղապահներն այս գիշեր կրկին հումանիտար օգնություն՝ ալյուր, ձեթ ու օրապահիկներ են հասցրել Արցախ։ Կոռնիձորում արդեն երկու ամսից ավելի կանգնած Հայաստանի կառավարության ու Ֆրանսիայի օգնության բեռներն էլ այսօր տեղափոխվեցին Գորիս՝ հետագայում Արցախ ուղարկելու համար։