Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։ Ըստ անհրաժեշտության այլ մարզերում նույնպես կեցության վայրեր կկազմակերպվեն, «Արմենպրեսին» ասել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։
Աշխատանքային խմբի փոխանցմամբ՝ այժմ իրականացվում է տեղափոխվող բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
«Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։ Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները», - նշել են խմբից։