Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը X-ում տեղադրած գրառմամբ հայտնել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի աշխատակիցների և «միջազգային այլ գործընկերների» հետ հանդիպման մասին:
Նա գրել է, որ «ողջունելի է համարվել 23 ժամ 51 րոպե տևած տեղական հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խստիվ պահպանումը և բոլոր միջոցներով հարակից կորուստներից խուսափելը»:
Նրա փոխանցմամբ, «անձամբ Հայաստանի վարչապետն է նշել, որ խաղաղ բնակիչները չեն տուժել»։
«Այս առումով անհասկանալի են ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների հնչեցրած չստուգված և անլուրջ հայտարարությունները»,- գրել է Հաջիևը:
ԿԽՄԿ-ի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հավաստիացրել է, որ բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են և կապահովվեն «ԿԽՄԿ-ի կողմից Լաչին-Խանքենդի և Աղդամ-Խանքենդի ճանապարհներով դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար»։
«Հայաստան բժշկական տարհանումների համար բժշկական մեքենաներ կարող են գալ նաև Հայաստանից»
Ադրբեջանական կողմը պատրաստ է հայ վիրավոր զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերել կամ օգնել նրանց Կարմիր խաչի միջոցով։ Հայաստան բժշկական տարհանումների համար բժշկական մեքենաներ կարող են գալ նաև Հայաստանից։
Աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ դաշտում մնացած մարտիկների դիերը հավաքելու համար։
«Կամավոր և անհատական ընտրությամբ մենք ապահովում ենք քաղաքացիական անձանց տեղաշարժի անվտանգությունը սեփական մեքենաներով Խանքենդի-Լաչին ճանապարհով։ Գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքի անդամներ են»,- գրել է Հաջիևը:
Նրա փոխանցմամբ, զինվորական անձնակազմը, որը կամովին վայր է դնում զենքը՝ ազատության մեջ է։
«Քաղաքացիական-ռազմական համագործակցության հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական զինվորականները և քաղաքացիական անձնակազմը տեղում օգնում են խաղաղ բնակիչներին և կշարունակեն դա անել»,- գրել է Հաջիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջիև. Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը