Ամերիկացի սենատորները երեկ օրինագիծ են ներկայացրել, որը պատժամիջոցներ է առաջարկում Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ինչպես նաև օգնություն Հայաստանին և Արցախին: Այս մասին հայտնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, «Աջակցելով հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» վերնագրված օրինագծով «հումանիտար օգնություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ չի տրվի անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը»։
Նախաձեռնությունը Վաշինգտոնի վարչակազմին թույլ է տալիս Հայաստանին ներառել օտարերկրյա պետություններին ֆինանսական ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ծրագիր և պատժամիջոցներ է սահմանում» Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրանց գործողությունների համար։