Սեպտեմբերի 21. Անկախության օր, ՄԱԿ-ի ԱԽ նիստ և հանդիպում Եվլախում

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը, արխիվ

Բաքուն հիմա շահագրգռված չէ բոլոր արցախահայերի հեռացումով

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը չափազանց լարված կացության մեջ է նշելու Անկախության օրը: Երեկոյան Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն իրավիճակը: Մինչ այդ էլ Եվլախում պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հանդիպումը:

Երկու հարցերն «Ազատության» խնդրանքով մեկնաբանել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:

Նա ենթադրում է, որ Եվլախում Ադրբեջանը ներկայացնելու է հայերի «ինտեգրման ծրագիրը»: Վերլուծաբանի համոզմամբ, Բաքուն գոնե այս պահին շահագրգռված չէ Արցախից ամբողջ հայ բնակչության հեռանալով և փորձելու է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելի կլինեն գոնե մի մասի համար:

«Թե ինչքանով երաշխավորված կլինի այդ առաջարկների իրականացումը գործնական առումով՝ դժվար է ասել, քանի որ շատ լավ գիտենք Ադրբեջանի հասարակությունում տիրող տրամադրությունները: Նրանք դեմ են հատուկ պայմանների ստեղծմանը հայերի համար, քանի որ դա անմիջապես կհրահրի խոսակցություններ այն մասին, թե ինչու անջատողական քաղաքականություն իրականացրած ժողովուրդը պետք է այսօր օգտվի ինչ-որ բարիքներից», - ասաց Նավասարդյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ տրամադրությունները, բայց բոլոր դեպքերում փորձելու է ինչ-որ միջոցներով սահմանափակել միջազգային տարբեր հարթակների կողմից Բաքվին հասցեագրված քննադատությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անելու ենք ամենը, որ և՛ մեր ազգային արժանապատվությունը պահենք, և՛ գենոֆոնդը փրկենք. Բաբայանը՝ բանակցություններիցԲաքուն հայտարարում է՝ Ղարաբաղի հայերի ռեինտեգրացիայի պլանը պատրաստ էԱրցախը համաձայնել է լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը 

Դժվար թե Նյու Յորքում առաջարկվեն կոնկրետ քայլեր

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է հնարավոր ակնկալել նյույորքյան քննարկումներից, քաղաքական վերլուծաբանն ասաց, որ սեպտեմբերի 21-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես և նախորդ նիստում էր, որոշ տարբերություններով կարձանագրվի աջակցություն արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ, սակայն դժվար թե առաջարկվեն դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործիքներ:

«Որևէ լուրջ փաստաթղթի դեմ՝ բանաձև կամ հայտարարություն, հանդես կգան Ռուսաստանը և գուցե Չինաստանը: Այդ երկու երկրների միջև կա համաձայնություն առ այն, որ բոլոր խնդիրները Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախում, պետք է լուծվեն տարածաշրջանային խաղացողների կողմից: Այլ միջազգային կառույցների և խոշոր խաղացողների ներգրավվածության դեմ հանդես են գալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից գոնե երկուսը», - նշեց Բորիս Նավասարդյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյան. Միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու վերահաս ոճրագործությունը Պետք է կանխել Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ ԲլինքենինՄիրզոյանը և Բայրամովն ակտիվ հանդիպումներ են անցկացնում Նյու ՅորքումՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին․ ԱԳՆ

Ռուսները նորից կարող են ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանին զորախումբ տեղակայվելու գաղափարը

Վերլուծաբանի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեռ նախորդ նիստում հնչել մի գաղափար, թե ՀԱՊԿ-ը պետք է իր դերակատարությունն ունենա այս հակամարտության կարգավորման գործում:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն առաջ կտանի այդպիսի գաղափարներ: Ըստ Նավասարդյանի, հայկական կողմին կարող են նորից առաջարկել, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեն սահմանապահներ՝ կա՛մ ՀԱՊԿ-ի, կա՛մ Ռուսաստանի դրոշի ներքո: Գուցե ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասնակիներից մի քանիսը հավանություն կտան այդ գաղափարին:

Այդ զորախումբը վեճերը լուծելու է հօգուտ Ադրբեջանի

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը եթե ոչ ամբողջությամբ, ապա առնվազն մասամբ ստիպված կլինի մոտակա ժամանակներս հեռանալ այնտեղից, և չի բացառվում, որ հենց այդ կրճատված ռեսուրսներով կձևավորվի զորախումբը, որը կանգնած կլինի հայ-ադրբեջանական սահմանին», - ասաց Նավասարդյանը:

Նրա համոզմամբ՝ դա ազգային շահերի կամ անվտանգության ապահովման առումով Հայաստանին որևէ երաշխիք չի տալու, քանի որ «Ադրբեջանի հետ ցանկացած վիճելի հարց այդ զորախմբի, կամ սահմանապահների, կամ ՀԱՊԿ ստորաբաժանման կողմից լուծվելու է հօգուտ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ