Պաշտոնական Երևանը ծանոթացել է կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական զորախմբի առաջարկին, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել։
Վարչապետը մի քանի նկատառում ուներ․ նախ նշեց, որ տեքստում հիշատակվում են Հայաստանի զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին, ապա ասաց՝ փաստն իր համար այնքան էլ հասկանալի չէ, քանի որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։
«Մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն», - ասաց Փաշինյանը։
«Հուսով եմ՝ ՌԴ-ն կկատարի իր պարտավորությունները»
Անդրադառնալով ԼՂ հայության անվտանգության հարցին՝ Փաշինյանը նկատեց՝ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը։
Փաշինյանը հույս հայտնեց, որ խաղաղապահները կկատարեն իրենց պարտականությունները՝ հիշեցնելով՝ Հայաստանն այդ հարցում նախկինում վերապահումներ է ունեցել։
Ընդգծելով, որ Հայաստանի հետ ըստ էության կապ չունեցող տեքստում հիշատակվել է Հայաստանի անունը՝ վարչապետն ասաց դա արդարացնում է իր երեկվա գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։
«Եթե հնարավոր լիներ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
«Ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է»
Ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, նաև տեղեկացրեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։
«Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ կողմից», - եզրափակեց Հայաստանի գործադիրի ղեկավարը։
Այսօր Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ և որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ