Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, այսօր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ շեշտելով՝ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում։
Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Արցախի նախագահականի չի մանրամասնում։
«Ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ»
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Արցախի իշխանություններին շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնել ու հրապարակային կերպով ներկայացնել ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը, Բեգլարյանի խոսքով, պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:
Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում, հայտարարել է նախկին օմբուդսմենը։
«Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին», - հայտարարել է Բեգլարյանը՝ շեշտելով՝ այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով:
«Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում: Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով», - ասել է Բեգլարյանը:
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հայտարարում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին չմիջամտելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն առաջիկա 24 ժամվա ընթացքում կներգրավվի հայ-ադրբեջանական բանակցություններում. Reuters ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում