Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսության գնալ։
«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ագրեսիան ու Ադրբեջանի ռազմական գործողությունները»,- ասվում է երկրի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Պաշտոնական Տոկիոն կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին երկխոսության գնալ՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։