Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքում է ադրբեջանական կողմի մի շարք պնդումներ։
Ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում Մարուքյանը բացարձակ իրականությանը չհամապատասխանող է որակել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Բաքուն անհանգստացած է «սահմանին և Ղարաբաղում հայկական զինված ուժերի ռազմական սադրանքներով»։
«Այս բողոքի տակ թաքնված են բոլոր այն գործողությունները, որոնք վերջին շրջանում կատարել է ինքը՝ Ադրբեջանը», - ասել է դեսպանը՝ հիշեցնելով՝ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, հայկական կողմը 200-ից ավելի զոհ ունեցավ, վիրավորներ, նոր ռազմագերիներ։
«Այս ամենը տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների գործընթացում, որը ոչ մի հիմնավորում կամ արդարացում չունի, դա չհրահրված ագրեսիա էր», - նկատել է նա։
Ադրբեջանը փորձում է մոռանալ այս հանգամանքը, թեև օկուպացրել է Հայաստանի մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածքը, չի հետևում Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին և իր զորքերը դուրս չի բերում ՀՀ ինքնիշխան տարածքից, շեշտել է Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ կալանավորներին, ինչը Բաքվի ստանձնած պարտավորությունն է», - հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Բաքվից շարունակ պնդում են, որ Երևանը «տորպեդահարում է խաղաղ բանակցությունները», իսկ «հայկական անօրինական կազմավորումները զանգվածային ականապատում են իրականացնում Ադրբեջանի տարածքում»։ Էդմոն Մարուքյանը սա ևս սուտ է որակել, ընդգծել, որ հայկական կողմերը Ադրբեջանին են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես վստահության քայլ։
«Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակաբար կրակոցներ է արձակում, օգտագործում դիպուկահարներ, սադրանքներ և դիվերսիաներ իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է վստահության մակարդակի խնդիր ստեղծել՝ խոչընդոտելով նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը», - պնդել է նա։
Հայաստանի վարչապետը, Մարուքյանի խոսքով, ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը՝ խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, իսկ Բաքվի մշտական գործողությունները հակառակը՝ տորպեդահարում են այդ գործընթացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդումները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. «Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը»