ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն սեպտեմբերի 16-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև նորմալացման ու խաղաղության գործընթացը, սպառնալիքներն ու մարտահրավերները։
Բայրամովը կրկին պնդել է, թե Ադդամի ու Լաչինի ճանապարհները միաժամանակ բացելու պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, չի կատարվել հայկական կողմի պատճառով։
Հայաստանի քայլերը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 2-ի շնորհավորական ուղերձը, որն «Ադրբեջանի տարածքում խրախուսել է անջատողականությունը», լուրջ հարված են հասցնում նորմալացման ու խաղաղության գործընթացին, պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ Ադրբեջանը հանձնառու է ճանապարհների զուգահեռաբար օգտագործմանը, հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։